05/06/2018 14:50
Դատախազը որոշել է դադարեցնել Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի լիազորությունները. փաստաբանը չի մեկնաբանում
Էրեբունիում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու գործով մեղադրյալներ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի լիազորությունները դադարեցվում են, նման որոշում այսօր կայացրել է գործը հսկող դատախազը, Aysor.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը և Կարեն Օհանյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, և բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ վերջիններս կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը:
Ուստի, հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հունիսի 5-ին որոշումներ է կայացրել Դ. Համբարձումյանի և Կ. Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիշյալ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան, միաժամանակ իրազեկելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը», փոխանցում են Գլխավոր դատախզության լրատվական ծառայությունից:
Նկատենք, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը սահմանում է պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը.
«Դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ»։
Համբարձումյանի և Օհանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը դեռևս վաղ է համարում մեկնաբանել դատախազի որոշումը։
«Պաշտոնապես դեռևս որևէ որոշում ես չեմ ստացել։ Կստանամ, կտեսնեմ, նոր միայն որևէ հայտարարություն կարվի», - Aysor.am-ին ասաց Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 1-ին և Համբարձումյանը, և Օհանյանը դատարանի որոշմամբ կալանքից ազատ էին արձակվել. Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին։