05/06/2018 19:57
Թուրքիան պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ կողմից առևտրային մաքսատուրքերի ներդրումից հետո
Անկարան պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել Միացյալ Նահանգների դեմ Վաշինգտոնի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու մասին որոշումից հետո, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք քննարկել ենք (ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ) մեր երկրների միջև եղած տնտեսական հարաբերությունները: ԱՄՆ-ի սահմանած հարկերը շատ են մտահոգել մեր ոլորտը: Բանակցություններում նշել ենք` եթե մենք պատասխան քայլեր ձեռնարկենք, դրանք ԱՄՆ-ին ավելի մեծ վնաս կհասցնեն, քանի որ մեր ներմուծումը (ԱՄՆ-ից) ավելի մեծ է, քան արտահանումը»,- NTV-ի եթերում ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը Եվրոպայից, Կանադայից, Մեքսիկայից և այլ երկրներից ԱՄՆ ներկրվող պողպատի և ալյումինի գործարքների համար 25 և 10 տոկոս մաքսատուրքեր է սահմանել:
Մի շարք երկրներ արդեն իսկ արձագանքել են ԱՄՆ որոշմանը:
Այդպես, ԵՄ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի կապակցությամբ իրավաբանական ընթացակարգեր կսկսի ԱՀԿ-ի շրջանակներում:
Կանադան և Մեքսիկան ավելի վաղ հայտարարել էին մի շարք ամերիկյան ապրանքների համար պատասխան մաքսատուրքրերի սահմանման մասին: