05/06/2018 19:00
Կինս անակնկալ նվեր մատուցեց, լավ նվեր ստացա նաև տղայիցս. Արտյոմ Կարապետյանը՝ «Վերվարածների» Կնյազը, դարձավ 40 տարեկան. Լուսանկարներ
Դերասան Արտյոմ Կարապետյանը, կամ, ինչպես շատերն են նրան հիշում՝ «Վերվարածների» Կնյազն ու «Բանակումի» Մինասը, այսօր նշում է ծննդյան 40-րդ տարեդարձը: Վերջին տարիներին Սանկտ Պետերբուրգում բնակվող դերասանը Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ այս օրը տոն դարձնել չէր պատրաստվում, սակայն խուսափել չհաջողվեց:
«Ինձ համար այսօր շատ սովորական օր է, առավոտից բազմաթիվ զանգեր ու շնորհավորանքներ եմ ստացել: Անկեղծ ասած, հատուկ այսօրվա համար ես և կինս նախապես աշխատավայրում ազատ օր էինք խնդրել: Նպատակը ոչ թե նշելն էր, այլ տանը մնալն ու հանգստանալը: Սակայն ընկերներս քիչ առաջ ինձ հրավիրեցին մի բաժակ խմելու, այնպես որ, հանգիստ էլի չունեցա»,- ժպիտով պատմեց հոբելյարը:
Դերասանը նկատեց՝ ընդհանուր առմամբ իր կյանքում այս օրն էլ սովորական օր է, միակ տարբերությունն այն է, որ դարձավ 40 տարեկան:
Նվերների մասին համեստորեն լռեց՝ առանձնացնելով միայն կնոջ ու ավագ որդու անակնկալները:
«Այսօր կինս անակնկալ նվեր մատուցեց, լավ նվեր եմ ստացել նաև տղայիցս. դպրոցի ավարտական քննությունն էր այսօր, ու լավ է հանձնել: Այս օրը միայն նրանով է տարբերվում, որ լրացավ 40 ամյակս»,- նշեց նա:
Զրույցի վերջում դերասանն ընդգծեց՝ սիրում ու կարոտում է Հայաստանն ու հայրենակիցներին, հույսով սպասում, որ շուտով կտեսնվեն:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Արտյոմ Կարապետյանին՝ մաղթելով անձնական ու ստեղծագործական նորանոր հաջողություններ: