07/06/2018 13:26
Փաշինյանը չի կարող Արցախի անունից բանակցություններ վարել, ինչպես դա արել են Քոչարյանն ու Սարգսյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ չի կարող Արցախի անունից բանակցություններ վարել, ինչպես դա արել են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը՝ Արցախի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր, և նրանք կարող էին ունենալ Արցախի անունից բանակցելու մանդատ:
«Նույնը չեմ կարող անել ես: Դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական հիմնավորում: Արցախի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի ընտրություններին, ունի իր իշխանությունը», - նշեց Ն.Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կեղծ փաստարկ է, երբ Ադրբեջանն ասում է, որ Արցախի մասնակցության դեպքում բանակցություններին պետք է մասնակցեն նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:
«Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը չի փոխվել, նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի, մասնակցում են ընտրություններին, այդ թվում՝ նախագահի ընտրությանը: Եվ ստացվում է, որ Իլհամ Ալիևը բանակցություններին մասնակցում է նաև այդ մարդկանց մանդատը ունենալով», - բացատրեց վարչապետը: