07/06/2018 19:33
«Զինվորի մայր». Ի՞նչը պատճառ եղավ, որ Մարինա Թագակչյանը Շուշան Պետրոսյանից հետ վերցնի իր երգն ու այն վստահի Ռազմիկ Մանսուրյանին
Երգահան Մարինա Թագակչյանն ու դերասան, օպերային երգիչ Ռազմիկ Մանսուրյանը ապրիլյան պատերազմում զոհված հերոսների մայրերին նվիրված աշխատանք են ներկայացրել:
«Զինվորի մայր», կամ, ինչպես շատերին է այն ծանոթ, «Բալլադ մոր մասին» ստեղծագործությունը Մարինա Թագակչյանի կողմից գրվել է դեռևս 2004 թվականին և երգը վստահվել է երգչուհի Շուշան Պետրոսյանին: Սակայն տարիներ անց հեղինակը երգչուհուն, իր իսկ խոսքով, զրկեց հեղինակային իրավունքից՝ այդ մասին ի սկզբանե բարձրաձայնելով Ֆեյսբուքյան իր հարթակում:
«Այո, այս երգն այլ կատարող ուներ, բայց ես հիմնավորված զրկեցի նրան երգը կատարելու իրավունքից: Ասեմ, որ երգը չեմ վաճառել, այնպես որ հեղինակային իրավունքը ամբողջովին պատկանում էր ինձ: Որոշման հետ կապված գրառումս մեծ աղմուկ հանեց հասարակության, արվեստասերների շարքերում: Հենց այդ ժամանակ ինձ խնդրանք- առաջարկով դիմեց ԱՄՆ-ում բնակվող պարոն Մանսուրյանը՝ ցանկություն հայտնելով, որ ինքը կատարի այս ստեղծագործությունը: Ծանոթ լինելով նրա վաստակին, անցած ուղուն և հրաշալի ձայնային տվյալներին՝ առանց մեկ վայրկյան երկմտելու՝ համաձայնեցի»,- Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգահանը:
Մարինա Թագակչյանի բնորոշմամբ՝ բալլադային այս երգն անդրադարձ է որդեկորույս, բայց հպարտ, քաջարի ու հերոս մորը: Հեղինակը խոստովանում է` երեկ Ռազմիկ Մանսուրյանի կատարմամբ առաջին անգամ լսելով երգը՝ հուզվել է.
«Քիչ է պատահել, որ սեփական ստեղծագործությունը լսելիս արտասվեմ: Սա հենց այդ քիչ դեպքերից է»:
Անդրադառնալով հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ երգահանն իր երգն այլևս չի ցանկանում լսել Շուշան Պետրոսյանի կատարմամբ, ու արդյոք այս թեմայով խոսե՞լ է երգչուհու հետ, Մարինա Թագակչյանը պատասխանեց.
«Ոչ, չեմ խոսել, ես իմ որոշումը իմ ժողովրդին եմ ներկայացրել ու խրախուսվել: Իսկ նա ե՞րբ հաշվի նստեց իր ժողովրդի հետ, որ ես էլ իրեն տեղեկացնեի: Սիրո գինը սերն է, արհամարհանքինը՝արհամարհանքը: Գիտեք, ես միշտ կարծել եմ ու շարունակում եմ այն մտքին մնալ, որ հայրենիքի թեման շատ նուրբ է, այն միայն պետք է դուրս գա այն մտավորականի հոգուց ու շուրթերից, ով իսկապես նվիրյալն է ու անվերապահորեն իր ժողովրդի կողքն է՝ լինելով սատար ու զորավիգ: Ես չտեսա այդ անձին, փոխարենը ազգի համար շատ վճռական պահին լսում ու կարդում էի՝ «Շուշա՛ն,կանգնիր քո ժողովրդի կողքին, Շուշա՛ն, չէ՞ որ մենք քեզ սիրել ենք» նախադասություններն ու հորդորները: Հավատացեք, սիրտս ցավում էր դա տեսնելով ու լսելով: Իսկ նա քար արհամարհանք, հեգնանք և անտարբերություն: Կամ, ավելի վատ՝ թշնամանք իրեն սիրող հասարակության հանդեպ»:
Դիտարկմանը, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի տարբեր սկզբունքներ ու քաղաքական հայացքներ՝ երգահանն արձագանքեց.
«Հասկանում եմ, բոլորս էլ ունենք սկզբունքներ, գաղափարներ, հանուն որոնց պայքարում ենք: Բայց եթե դու արտիստ ես, ում կերտել է քո ժողովուրդը՝ լինի նա ճիշտ, թե սխալ, դու պարտավոր ես լինել միայն նրա, միայն քո ժողովրդի կողքին… Ես տեսակով շատ փշոտ եմ, կարող եմ սիրել անսահման և նույնչափ հակադարձել, պատժել, լինի դա երեխաս, ընկերս թե այլ մեկը: Ինձ համար արդարությունից ու ուղղամտությունից առավել բան չկա»: