07/06/2018 13:31
Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի եղել և չի լինելու ամերիկամետ. Փաշինյան
Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի եղել և չի լինելու ամերիկամետ, եվրոպամետ, ռուսամետ կամ հակառակը, այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ անիմաստ է կառավարության կազմում փորձել փնտրել ամերիկամետ կամ հակառուս քաղաքական գործիչների:
«Նրանք Հայաստանի քաղաքացիներ են, և նման փորձերը հայաստանյան իրադարձությունների սխալ ընկալման հետևանք են», - ասաց Ն.Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը երկրի ինքնիշխանության և անվտանգության ապահովումն է:
Ն.Փաշինյանը կրկին ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ռազմական համագործակցությունը՝ երկրի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչն է: