07/06/2018 20:12
Մեկնարկեց Խաչատրյանի մրցույթը. Մրցույթի մասնակիցները կդառնան հայկական մշակույթը տարածող դեսպաններ (Լուսանկարներ)
Հունիսի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկեց Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Մրցույթի մեկնարկն ազդարարող համերգային ծրագրում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Ուշագրավ է, որ Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց խաչատրյանական մրցույթի 2006 թվականի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Ծրագրում հնչեցին նաև հատվածներ «Սպարտակ» բալետից։
Համերգային երեկոն ուղեկցվում էր հանդիսատեսի բուռն ծափահարություններով, բիսերով։ Ներկաները չէին թողնում, որ մենակատարը, նվագախումբն ու դիրիժորը հեռանան բեմից։ Նարեկ Հախնազարյանն ունկնդիրներին նվիրեց նաև կատալոնյան երգ՝ «Թռչուններ» ստեղծագործությունը, իսկ Սիմֆոնիկ նվագախումբը որպես բիս կատարեց Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես» դրամայից և Լեզգինկան՝ «Գայանե» բալետից։ Վերջին գործը, ի դեպ, նվագախումբը կատարեց առանց դիրիժորի։
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ազդարարելով մրցույթի մեկնարկը, նշեց, որ դրա նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդներին՝ միաժամանակ հանրահռչակելով Արամ Խաչատրյանի արվեստն ամբողջ աշխարհում։
Նախարարը համոզմունք հայտնեց, որ տարբեր երկրներից Հայաստան ժամանած մրցույթի մասնակիցները հետագայում կներկայանան խաչատրյանական կատարումներով՝ դառնալով հայկական մշակույթը տարածող դեսպաններ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ սպասելիքները մրցույթից մեծ են։
Ըստ դիրիժորի՝ Խաչատրյանի մրցույթը բացահայտել է բազմաթիվ տաղանդների, որոնք այսօր աշխարհում շատ հայտնի են և խաչատրյանական ստուգատեսից հետո նվաճել են Չայկովսկու մրցույթի դափնիները։ Սա խոսում է մեր մրցույթի բարձր մակարդակի մասին։
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաև տեսանյութեր՝ նվիրված Արամ Խաչատրյանին, Խաչատրյանի անվան մրցույթին։
Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։