08/06/2018 11:26
Ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը. Նախարար
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին հանձնարարեց անդրադառնալ էլեկտրաէներգիայի և գազի սակագների փոփոխման վերաբերյալ քննարկումներին:
«Նախաձեռնվել են բոլոր հնարավոր միջոցները, քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված գնահատվել են էներեգտիկ ոլորտի ռիսկերը:
«Այս պահին կան մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է գազի սակագնին, Արթուր Գրիգորյանը նշեց, որ ռիսկեր կան այս հարցում ևս:
«Մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով: Մենք եկել ենք եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- հայտարարեց նախարարը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախարարը չխոսեց կոռուպցիոն ռիսկերի մասին և հանձնարարեց շարունակել ուսումնասիրություններն ու քննարկումներն, ապա թափանցիկ կերպով ներկայացնել եզրահանգումներ: