08/06/2018 17:36
Այս նախագծում նկարահանվելը պակաս հետաքրքիր ու գայթակղիչ առաջարկ չէ. Լևոն Սարգսյանը՝ «Ֆուլ Հաուս»-ում իր կերպարի մասին
«Ֆուլ Հաուս» սիթքոմը կրկին էկրաններ է վերադառնում, այս անգամ նոր կերպարներով, նոր տաղավարներով ու նոր զարգացումներով: Միհրան Ծառուկյանին, Արփի Գաբրիելյանին, Գոռ Հակոբյանին, Գրիգոր Դանիելյանին, Մարջան Ավետիսյանին, Գարիկ Սեփխանյանին և մյուսներին կմիանան ևս 3 դերասան՝ Լևոն Սարգսյանը, Շողեր Թովմասյանն ու Աղաս Մանուկյանը: Հիմնական կազմից կբացակայի Անի Երանյանը՝ երկրից բացակայելու պատճառով:
Զառայի (Քրիստինե Եղոյան՝ հեղ.) եղբորը մարմնավորող Լևոն Սարգսյանն առաջարկը ստացել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանից:
«Գոռ Հակոբյանի տեսահոլովակում նկարահանվելուց հետո Արմեն Պետրոսյանից այս նախագծում հանդես գալու առաջարկ ստացա: Ըստ կերպարիս՝ ես Զառայի եղբայրն եմ, որ գալու է վերահսկի քրոջ ու Ռուբենի (Գարիկ Սեփխանյան՝ հեղ.) հարաբերությունները: Հուսով եմ՝ սիրված կերպար կդառնա», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Լևոն Սարգսյանը:
Մեր զրուցակիցը խոստովանեց՝ ինչպես բոլոր մյուս նախագծերին, «Ֆուլ Հաուս»-ին ևս հետևել է: Նկատում է՝ այս նախագծի բոլոր կերպարներն են սիրված ու հաջողված: Հարցին՝ չկա՞ր մտավախություն ներառվել արդեն իսկ սիրված պրոյեկտում, և որքանո՞վ է ծանոթ գործընկեր-դերասաններին, պատասխանեց.
«Ինքս հաճախ եմ դիմում ռիսկային քայլերի, սա էլ բացառություն չէր: Միակ անհանգստությունս այն էր, որ կերպարն ինձ հարմար ու համապատասխան լիներ: Քննարկումներից հետո հասկացա՝ հետաքրքիր կերպար է, որի վրա աշխատելու շատ տեղեր կան, ու մեծ սիրով կընդգրկվեմ այդ թիմում: Ինչ վերաբերում է դերասաններին ծանոթ լինելուն՝ Գրիգոր Դանիելյանին գիտեմ, Գոռ Հակոբյանին, Աղաս Մանուկյանի հետ ՈՒՀԱ-ից ենք մտերմացել, ընկերներ ենք, Շողերի հետ էլ «Տանդեմ»-ի շրջանակներում մի սերիայում նկարվեցինք»:
Մինչ այս նա նկարահանվում է Հանրային հեռուստաընկերության «Տանդեմ» սիթքոմում: Վստահեցրեց՝ հեռուստադիտողը որևէ նմանություն չի գտնի իր ներկայիս ու նախկին կերպարների միջև:
«Սա իմ՝ թվով չորրորդ սիթքոմն է, նախորդ երեքը միմյանցից լիովին տարբեր են եղել, այս մեկն էլ պետք է տարբերվի: Հեռուստադիտողը չի սիրում, երբ դերասանը իր նախորդ կերպարին իր հետ նոր նախագիծ է տանում, հետաքրքրությունը կորում է: Դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ: Պետք է ձգտել անընդհատ զարգանալ», - նշեց նա:
Դերասան Հովհաննես Ազոյանի և Լևոն Սարգսյանի արտաքին նմանության մասին մշտապես են խոսում, սակայն այդ հանգամանքը վերջինիս այլևս չի անհագստացնում:
«Ճիշտ է՝ այդ նմանությունն ինձ անընդհատ հետապնդում է: Արդեն 2-3 ամիս է՝ մազերս ոչ թե գանգուր են, այլ ուղիղ, բայց մեկ է՝ նմանությունից խուսափել չի հաջողվում: Ինձ թվում է՝ մարդիկ ոչ թե մեր սանրվածքն են նմանեցնում, այլ ընդհանրություններ են գտնում արտաքինում ու դիմագծերում: Արդեն վստահ եմ՝ այդ նույնացումն ինձ միշտ հետապնդելու է, բայց էլ չեմ մտահոգվում: Մարդիկ կամաց-կամաց կսկսեն մեզ տարբերել», - ժպիտով հավելեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Aysor.am-ի հետ նախորդ զրույցի ընթացքում դերասանը տեղեկացրել էր, որ առաջարկ ունի նկարահանվել նոր կատակերգությունում, որտեղ խաղընկերն է լինելու Հովհաննես Ազոյանը: Հետաքրքրվեցինք՝ ո՞ր փուլում են գտնվում նկարահանումները:
«Սցենարիստի հետ վերջնական համաձայնության եկել ենք, բայց որոշ պատճառներով նկարահանումները հետաձգվել են: Գիտեմ, որ տղաներն աշխատում են նախագծի վրա, բայց ուզում են նկարահանումները սկսել հաջորդ տարի», - տեղեկացրեց նա:
Դերասանի էկրանային զբաղվածությունն այս շրջանում կսահմանափակվի միայն «Ֆուլ Հաուս»-ով: Դա ոչ թե առաջարկի պակասի, այլ՝ իր նախընտրության պատճառով է: Նկատառմանը՝ որպես դերասան որքանո՞վ է գոհ սիթքոմներից ստացված գումարից, նշեց.
«Ես նախընտրում եմ միայն մեկ նախագծում հանդես գալ ու ամբողջ ուժերս դրա մեջ ներդնել, այդ գործը լավ անել: Դա իմ սկզբունքն է: Ֆինանսական առումով այսպես կասեմ. ինձ համար առաջնայինը ստեղծագործելն է, նոր ու հետաքրքիր կերպարներ կերտելը: Ֆինանսը մշտապես երկրորդ պլան եմ մղում: Թվեր չեմ բարձրաձայնի, բայց կասեմ՝ այս նախագծում նկարահանվելը պակաս հետաքրքիր ու գայթակղիչ առաջարկ չէ»: