Այսօր՝ հունիսի 8-ին, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ ՀԾՏՄԿՊ) նիստին հաստատվել են ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից սահմանված հեռախոսակապի նոր իջեցված սակագները:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ այսօրվա նիստը մայիսի 23-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման շարունակությունն է:
«Մենք շարունակելու ենք սակագների իջեցումը՝ հավասարակշռելով մեր եկամուտներն ու ծախսերը: Կհայտարարենք նաև նոր փաթեթների մասին, որոնք թույլ կտան մեր բաժանորդներին խնայել իրենց տնտեսական հեռահաղորդակցության բյուջեն 20-90 %-ով»,- ասել է Կ. Օդաբաշյանը:
Ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես՝ հետվճարային բաժանորդների համար զանգերը դեպի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բջջային և անշարժ ցանց, դեպի ՀՀ բջջային ցանցեր, դեպի ՀՀ անշարժ ցանցեր կնվազեն 15 %-ով: Ինչ վերաբերում է կանխավճարային բաժանորդներին, ապա զանգերը դեպի «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բջջային և անշարժ ցանցեր, զանգեր դեպի ՀՀ բջջային ցանցեր և դեպի ՀՀ անշարժ ցանցեր ևս կնվազի 15 %-ով: Կարևոր նվազումներից է լինելու նաև 50 %-ով հետվճարային քարտերի ամսավճարի իջեցումը, որն այսօր կազմում է 1000 դրամ:
«Ռոումինգի հարցը ևս քննարկվում է, սակայն այն կախված չէ միայն մեզանից: Հայաստանում կա 3 օպերատոր, որոնց հետ արդեն իսկ համագործակցում ենք: Հուսով եմ՝ մինչև տարեվերջ պետք է կարողանանք հայտարարել ռոումինգի նոր սակագնային քաղաքականության մասին: Այսօրվա 3-րդ սերնդի համացանցը, որ ունի 50 ՄԳ արագություն, հզորանալու է՝ դառնալով 500 ՄԳ: Մեր երրորդ ցանցի 20 կայանների թիվը առաջիկա 18 ամիսների ընթացքում 10 միլիոն եվրոյի ներդրման շնորհիվ կավելանա 40-ով»,- ավելացրել է Կ. Օդաբաշյանը:
Ըստ ՀԾՏՄԿՊ ներկայացված զեկույցի՝ որոշումը ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: