11/06/2018 14:51
Դատախազը միջնորդել է դատարանին մեղմացնել Ժիրայր Սեֆիլյանի պատիժը
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով բողոքի քննության ժամանակ դատախազ Պետրոս Պետրոսյանն իր ճառում միջնորդեց դատարանին մեղմացնել Սեֆիլյանի պատիժը՝ 10,6 տարվա փոխարեն նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման։
Այս գործով ամբաստանյալ և նույն շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի պատիժը, դատախազը միջնորդեց պայմանականորեն չկիրառել, ինչը նշանակում է, որ Սաֆարյանը կարող է դատապարտված լինել, բայց գտնվել ազատության մեջ։
Նույն գործի շրջանակներում ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի մասով դատախազն ասաց, որ Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժը առավելագույնս մեղմ պատիժ է՝ 3 տարվա ազատազրկում։
Դատախազը ներկայացնելով իր խոսքը, հայտարարեց, որ նման մեղմացման հիմքում ընկած է Հայաստանի քաղաքական կյանքում իրադրության փոփոխությունը։
«Իրադրության փոփոխության արդյունքում վերագրվող արարքի և այն կատարող անձի հանրային վտանգավորությունը նվազել է։ Իրադրության փոփոխման հետևանքով հանցավոր արաքի հանրային վտանգավորության նվազումը ենթադրում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում այնպիսի էական փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցավորի արարքը նվազ վտանգ է ներկայացնում»,- ասաց Պետրոսյանը։
Կողմերին լսելուց հետո դատարանը անցավ խորհրդակցական սենյակ, և որոշումը կհրապարակվի հունիսի 13-ին, ժամը 14։00-ին։
Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գալուստ Գրիգորյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը մեղադրվում են և ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել էին 2015-ին ապրիլի 24-ին ապօրինի զենք զինամթերք պահելու, ռազմավարական նշանակության շենք շինություններ զավթելու փորձի և զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։
Նրանց փաստաբանները դիմել էին Վերաքննիչ քրեական դատարան, պահանջելով կայացնել արդարացման դատական ակտ, ճանաչելով և հռչակելով նրանց անմեղությունը: