11/06/2018 13:51
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները երաշխավորել են Սեֆիլյանի ազատման համար, բայց պահանջվող գումարը չեն վճարել
Այսօր վերաքննիչ դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ պաշտպանական կողմի ներկայացուցիչներն իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություններ ներկայացրեցին։ Անձնական երաշխավորություններ տվել էին պատգամավորները։
Ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական «լուրջ խնդիրներ» ու ներկայացրեց միջնորդություն Կիրակոսյանի, ինչպես նաև մյուս ամբաստանյալներ Հրայր Թոփչյանի ու Գալուստ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը՝ անձնական երաշխավորությամբ փոխելու մասին։
Անձնական երաշխավորություն ամբաստանյալին տվել էին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը։ Դատախազը չառարկեց կալանքը որպես խափանման միջոց անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին ներկայացված միջնորդությանը։
Սակայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, վկայակոչելով նույնաբովանդակ միջնորդության մասին Վերաքննիչ դատարանի նախորդ որոշումը, ասաց, որ եթե այսօրը Վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու համար հնարավոր լինի հեռանալ խորհդրակցական սենյակ, ապա այդ ժամանակ համատեղ միջնորդությունների վերաբերյալ որոշում կկայացվի։
«Իսկ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ դատական քննությունը լրացվի, բողոքի քննության մասով նոր միջնորդություններ ներկայացվեն, տևական ձգձգումներ լինեն, ապա մեկ-երկու դատական նիստ հետո անպայման կանդրադառնանք այդ միջնորդությանը»,- ասաց դատավոր Պապոյանը։
Այնուհետև նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց նաև Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները անձնական երաշխավորություն են տալիս Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար։
«Ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման և ի զորու է ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը»,- ասաց դատախազը։
Փաստաբանը դատարանին հանձնեց փաստաթղթերը, դատավոր Պապոյանն ուսումնասիրեց դրանք ու նկատեց, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ներկայացրել են միջնորդությունը, սակայն չեն վճարել համապատասխան գումարը (500 հազար դրամ-հեղ.), ինչը պահանջվում է օրենքով։
«Ինչպե՞ս ընկալել նախո՞րդ վճարածն է, թե՞ նոր պետք է վճարեն»,- հետաքրքրվեց դատավորը։
Փաստաբան Եգորյանն ի պատասխան խնդրեց դատարանին հաշվի առնել Գևորգ Սաֆարյանի համար նախորդ վճարած գումարը ր այն դիտարկել նաև Սեֆիլյանի համար, ինչին Պապոյանն արձագանքեց, որ նման քայլի գնալ չեն կարող։
Սակայն փաստաբանը ներկայացրեց մեկ այլ միջնորդություն` վկայակոչելով օրենսդրությունը.
«Թեև օրենսդրությունը սահմանում է դրամական միջոցի վճարման փաստի հավաստման տեղեկանք ներկայացնելու ընթացակարգ, բայց միաժամանակ անձնական երաշխավորության հետևանքների ու դրանով պայմանավորված պատասխանատվության հետ կապված հստակ կարգավորում ունի օրենքը, որը համարժեք է վճարվող գումարին։ Եթե տեղի ունենա այնպիսի իրավիճակ, որը պետք է հանգեցնի այդ պատասխանատվության երաշխավորողի համար, ապա դա կիրառելու որևէ խոչընդոտ չկա»։
Դատարանն, ըստ էության, խնդիր չհամարեց այն, որ պատգամավորները գումարը չեն վճարել։
Այս միջնորդության քննարկումը ևս, դատարանի որոշմամբ, հետաձգվեց։
Նշենք, որ այս գործով Վերաքննիչ դատարանի կազմը հետևյալն է՝ նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյան և դատավորներ Մխիթար Պապոյանը ու Մանուշակ Պետրոսյան։
Հիշեցնենք՝ 2016թ.-ի Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը առաջին ատյանի դատարանի վճռով 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաև 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Հենց այդ գործի շրջանականերում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել «Հիմնադիր խորհդրարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։
Նույն գործով 3,6 տարվա ազատազրկման են դատապարտվել Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարվա ազատազրկման, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով: