11/06/2018 19:17
«Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները
Նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կազմակերպվել է մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը։ Նշենք, որ իրադարձությունը կազմակերպել ու իրականացրել էր «Մինորա» մշակութային կենտրոնը:
«Մրցույթ-փառատոնի նպատակը մեկն է՝ հայտնաբերել և հարթակ տրամադրել նկարչության, ասմունքի և թատերարվեստի ոլորտում նոր քայլեր կատարող երեխաներին: Տարեցտարի, մրցույթի ընթացքին հետևելով, մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք այն փաստը, որ տաղանդավոր սերունդ ունենք»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):
Նշենք, որ փառատոնը ներգրավելով արվեստի գրեթե բոլոր դպրոցները` ինչպես մարզերից, այնպես էլ մայրաքաղաքից, շնորհալի երեխաների համար տարբեր ոլորտներում իրենց կարողությունները ներկայացնելու հիանալի հնարավորություն է ընձեռում:
Փառատոնին աչքի ընկած եւ տաղանդավոր մասնակիցներն իրենց ուժերը փորձում են նաև միջազգային հարթակներում:
Այս տարի նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ունեցել է ավելի քան 450 մասնակից Երևանից և հանրապետության տարբեր մարզերից:
Նկարչության մրցույթն անցկացվել է երկու, ասմունքի և թատերարվեստի մրցույթները՝ մեկ փուլով՝ տարբեր տարիքային խմբերում:
Մրցանակաբաշխության արարողությանը յուրաքանչյուր անվանակարգում հանձնվել են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և Գրան պրի մրցանակներ, ինչպես նաև խրախուսական պատվոգրեր: Որոշ խմբեր ստացել են արտերկրում փառատոների մասնակցության հրավեր: Մրցանակաբաշխության արարողությունն ուղեկցվել է մշակութային տարբեր համարներով:
Տեղեկացնենք, որ «Էտյուդ» հանրապետական մրցույթ- փառատոնի կազմակերպիչ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ:
«Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով:
Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով: