11/06/2018 11:48
Պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը. ՊԲ զինվորի մահվան դեպքը ՀՀ ԱԳՆ-ն գնահատում է որպես Բաքվի հերթական սադրանք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հայաստան այցելության նախօրեին Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զինվորի մահվան դեպքը ՀՀ ԱԳՆ-ն գնահատում է որպես Բաքվի հերթական սադրանք՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը և լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածությունների տապալմանը։
«Տվյալ միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է 1994-1995թթ․ զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրի կատարման, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման շուրջ 2016-2017թթ․ գագաթաժողովների ժամանակ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բանալին խաղաղ բանակցություններին նպաստող մթնոլորտի ձևավորումն է։ Ադրբեջանական կողմի նմանօրինակ գործողությունները, ըստ էության, հակադիր նպատակ են հետապնդում։
Սույն սադրանքի հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»,- այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունում։