13/06/2018 14:54
Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց
Այսօր վերաքննիչ դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ դատարանը որոշում կայացրեց Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին, նա ազատ արձակվեց չհեռանալու մասին ստորագրությամբ:
Նշենք, որ անձնական երաշխավորություն ամբաստանյալին տվել էին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները և «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Բացի այդ, դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդել էր դատարանին մեղմացնել Սեֆիլյանի պատիժը՝ 10,6 տարվա փոխարեն նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման` պատճառաբանելով, որ նման մեղմացման հիմքում ընկած է Հայաստանի քաղաքական կյանքում իրադրության փոփոխությունը։
Դատարանի որոշմամբ ընդհանուր առմամբ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 5 տարի 5 ամիս ազատազրկման: Պատիժը պայմանականորեն չի կիրառվի: Դատարանը որոշեց Ժ.Սեֆիլյանին ազատ արձակել 500 000 դրամ գրավ մուծելուց հետո:
Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գալուստ Գրիգորյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը մեղադրվում են և ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել էին 2015-ին ապրիլի 24-ին ապօրինի զենք զինամթերք պահելու, ռազմավարական նշանակության շենք շինություններ զավթելու փորձի և զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար։
Նրանց փաստաբանները դիմել էին Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով կայացնել արդարացման դատական ակտ, ճանաչելով և հռչակելով նրանց անմեղությունը: