14/06/2018 16:01
Մոտ ապագայում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում. ԵԱՀԿ Մինսկի խումբ
Հունիսի 12-14-ը Հայաստան կատարած այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել:
Հայաստան կատարած այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, Պաշտպանության և ԱԳ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի հետ:
Համանախագահներն ու Հայաստանի պաշտոնյաները քննարկել են բանակցությունների ընթացքն ու դրանք առաջ մղելու հետագա քայլերն, այդ թվում` մոտ ապագայում նախարարների հանդիպման մակարդակով (Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների - խմբ.):
Նրանք նաև տեսակետներ են փոխանակել ներկայումս հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կարևորել կառուցողական միջավայրի ապահովումը:
Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը` օգնելու կողմերին հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջայանությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Հայ պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին ու վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատանքը համանախագահների հովանու ներքո: