14/06/2018 14:46
Իբրահիմովիչը հայկական ռեստորանում խորոված ուտելուց հետո հեթ-տրիկի հեղինակ է դարձել. Մխիթարյանը բացում է գաղտնիքը
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Sports.ru կայքի հարցերին՝ բացահայտելով, թե ինչը ստիպեց Զլատան Իբրահիմովիչին «Սենտ էտիենի» դեմ խաղում դառնալ հեթ-տրիկի հեղինակ:
Դուք տիրապետում եք 6 լեզվի` ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և պորտուգալերեն: Օգնեք մարդկանց, թե ինչպես կարելի է դա անել:
Ոչ մի գաղտնիք չկա: Հնարավորություն կար ապրելու Ֆրանսիայում, սովորեցի ֆրանսերեն, հնարավորություն կար ապրելու Բրազիլիայում` սովորեցի պորտուգալերեն: Խաղում էի Գերմանիայում` սովորեցի գերմաներեն: Ամեն ինչ պարզ է` շփվում եմ, հարցեր եմ տալիս և գրքեր եմ կարդում:
Դուք 14 տարեկանում 6 ամիս մարզվել եք «Սան-Պաուլո» ակումբի հետ: Ի՞նչը ձեզ զարմացրեց ամենից շատ:
Բրազիլական մշակութային կյանքը: Ամեն ինչ շատ նոր էր: Բոլորը գիտեն բրազիլական ուտելիքները` չուրասկոն, բրինձը, լոբին և բանանը: Հայաստանում այդ ամենը չկա, այնտեղ միայն խորոված է:
Պատմեք ծիծաղելի պատմություն՝ կապված Յուրգեն Կլոպի հետ:
«Բորուսիա»-ում մի անգամ Կլոպն ասաց՝ «եթե խփես 6-7 գոլ, ապա ես քեզ կվճարեմ 50 եվրո: Եթե ոչ, ապա դու ես վճարում»: Ես պարտվեցի, սակայն երկու օր անց մենք հանդիպում ունեցանք «Ֆրանկֆուրտ»-ի հետ, որտեղ ես երկու գոլ խփեցի: Երբ շնորհավորում էր, ասաց, որ գոհ է ինձնից, իսկ ես, ի պատասխան, ասացի. «Վերադարձրու իմ 50 եվրոն»: Նա ստիպված էր ետ տալ:
Երևան, աշխարհում լավագույն քաղա՞քը:
Ինձ համար լավագույնն է: Այնտեղ ապրում են իմ ընկերները, հարազատները և ընտանիքս: Այդ քաղաքն ինձ մեծ ուժ է տալիս:
Երեք կարևոր տեղ Հայաստանում, որտեղ պետք է գնալ։
Ամենաառաջինը` Խոր Վիրապ, հետո՝Գառնի-Գեղարդ և Արցախ:
Կա՞ մի երգ, որը լսում եք, երբ տխուր եք:
Այդպիսի երգ չկա: Երբ տխուր եմ, երգ չեմ լսում, պարզապես մտածում եմ:
Ձեզ դուր գալի՞ս է «System of a Down»-ը:
Ես ռոքի երկրպագու չեմ, բայց, քանի որ խմբի մենակատար Սերժ Թանկյանն իմ հայրենակիցն է, դրա համար սիրում եմ: Թեպետ դեռևս չեմ տեսնվել նրա հետ:
Ամենակարևոր խորհուրդը, որ ձեզ տվել է ձեր հայրը:
Կարծում եմ՝ նա չհասցրեց տալ ինձ ամենալավ խորհուրդը, քանի որ ես 7 տարեկան էի, երբ նա հեռացավ մեզանից: Ցավոք, այդ տարիքում ես շատ բան չէի հասկանում:
Ձեր մայրիկի սարքած լավագույն ուտեստը:
Չկա միայն մեկը, սակայն կասեմ խոզի միսը՝ ռոքֆոր պանրի սոուսով:
Նկարագրեք ձեր տունը Լոնդոնում:
Երեք սենյականոց բնակարան Լոնդոնի խաղաղ շրջաններից մեկում, ոչ մի առանձնահատուկ բան: Ամենակարևորը՝ քեզ այնտեղ հարմարավետ զգաս։
Եր՞բ եք դուք վերջին անգամ հավաքել ձեր սենյակը:
Երկու օր առաջ:
Ինչո՞ւ է այդպես ստացվել։
Քանի որ իմ սենյակն է,ես ինքս պետք է մաքրեմ:
Ձեր տանը ունե՞ք շքեղություն։
Ես ինքս
Ձեզնից բացի՞:
Ոչ, ոչինչ չկա:
Որտեղի՞ց եք գնում ձեր հագուստները:
Վերջին անգամ Մյունխենում: Հավաքականի հետ հավաքի էինք Ավստրիայում և ընկերական խաղից հետո մեզ մեկօրյա հանգիստ էին տվել: Ամբողջ թիմով գնացինք Մյունխեն: Այնտեղ եմ գնել:
Ի՞նչ բրենդներ եք սիրում:
Որպես այդպիսին չկա մեկը: Չէի ասի, որ օգտվում եմ մեկ բրենդից: Կարևորը, որ ինձ դուր գա շապիկը, ջինսը և այլն:
Ի՞նչ հագուստ եք կրում:
Բրենդային, բայց հասարակ:
Պատմեք Իբրահիմովիչի մասին մի պատմություն, որը ոչ մեկ չգիտի:
Մի անգամ Մանչեսթերում նրան հրավիրեցի հայկական ռեստորան: Այնտեղ Զլատանը խորոված կերավ: Դրանից երկու օր անց նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Սենտ էտիեն»-ի դեմ խաղում:
Եր՞բ եք վերջին անգամ մետրո նստել:
Մետրո՞: Վայ, երևի 15 տարեկանում Երևանում:
Երբ խաղում էիք «Շախտյոր»-ում, ինչո՞վ էիք շրջում Դոնեցկում:
Ես ունեի ակումբին պատկանող «Hyundai»: Շատ գոհ էի դրանից:
Իսկ ի՞նչ եք վարում հիմա:
Mercedes GLA, այն իմ ամենօրյա մեքենան է։
Մեքենա, որի մասին երազում եք
Տրակտոր: Դա է լավագույն մեքենան: Կատակում եմ: Այն մեքենան, որ երազում էի, արդեն ունեմ, դա Lamborghini Aventador-ն է:
Ո՞րն է ձեր երազանքը։
Ես շատ երազանքներ ունեմ: Ամեն անգամ հասնում են դրանցից մեկին, ծնվում են նորերը: Ես երբեք կանգ չեմ առնում: Առաջին երազանքս լավ մարդ լինելն է, իսկ երկրորդը` ընտանիքը և երեխաներն են: Մնացածն ինքնին կլինի։