15/06/2018 12:16
Վճռաբեկ դատարանը քննում է Սամվել Բաբայանի և մյուսների վճռաբեկ բողոքը. Դատախազը պնդում է մեղադրանքը
Հայաստանի Վճռաբեկ դատարանն այս պահին քննում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վճռաբեկ բողոքը։ Բողոքը դատարան ներկայացրած Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը խնդրել է դատարանին բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը ուժի մեջ թողնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև այս գործով մյուս ամբաստանյալներ Արմեն Պողոսյանն ու Սանասար Գաբրիելյանը, որոնք նույնպես պահանջում էին իրենց մասով արդարացման դատական ակտ կայացնել՝ ընդգծելով, որ ստորադաս դատարանը քրեադատավարական խախտումներ է իրականացրել։
Իր կողմից բերված բողոքի վերաբերյալ փաստաբան Քալաշյանը դիրքորոշում չհայտնեց և նրան հարցեր էլ չուղղվեցին։ Իսկ ահա մեղադրող դատախազ Արամ Արամյանը պնդեց, որ դատախազության դիրքորոշումը չի փոխվել. «Հարգելի դատարան, ինչպես առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել են օրինական հիմնավոր և պատճառաբանված որոշումներ»։
Նշենք, որ Վճռաբեկ դատարան է ներկայացվել նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի անձնական երաշխավորությունները՝ Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Պատգամավորները երաշխավորել են, որ Բաբայանը թույլ չի տա «որևէ անթույլատրելի վարքագիծ»։ Դատարանին ներկայացվեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Կարապետյանի, Տիգրան Ստեփանյանի և էլի մի քանիսի անձնական երաշխավորությունը՝ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի ազատման դիմաց։
Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանի վճռով Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել փողերի լվացման և «Իգլա» տեսակի զենք անօրինական Հայաստան բերելու մեղադրանքներում և դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Իսկ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը՝ համապատասխանաբար 3 և 2 տարվա ազատազրկման։
Այժմ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։