15/06/2018 12:42
Սամվել Բաբայանը և մյուսներն ազատ արձակվեցին (Տեսանյութ)
Հայաստանի Վճռաբեկ դատարանը քիչ առաջ որոշեց բավարարել մի խումբ պատգամավորների երաշխավորության մասին միջնորդությունը, և «Իգլա»-ի գործով դատապարտյալներ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը ազատ արձակվեցին։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարան է ներկայացվել «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի անձնական երաշխավորությունները՝ Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Պատգամավորները երաշխավորել են, որ Բաբայանը թույլ չի տա «որևէ անթույլատրելի վարքագիծ»։ Դատարանին ներկայացվել էր նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Կարապետյանի, Տիգրան Ստեփանայնի և էլի մի քանիսի անձնական երաշխավորությունը՝ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի ազատման դիմաց։
Նրանք կազատվեն միայն յուրաքանչյուր երաշխավորի կողմից 500 հազար դրամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո։ Ընդհանուր առմամբ երաշխավորել էր 11 պատգամավոր։