16/06/2018 10:04
Արմեն Սարգսյանը փորձում է «սեփականաշնորհել» Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մտնել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, և շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Միայն թե, նկատենք, նոր սահմանադրությամբ արտաքին քաղաքականության բնագավառում նախագահի լիազորությունները բավական հստակ են կարգավորված, և այդ կարգավորումների մեջ որևէ բառ չկա արտաքին քաղաքականություն մշակելու և իրականացնելու, ըստ այդմ՝ ԼՂ բանակցային գործընթացով զբաղվելու մասին: Այս լիազորությունները պատվիրակված են ՀՀ վարչապետին ու կառավարությանը: Ու որքան էլ իշխանությունները փորձեն արդարանալ՝ ասելով, թե համանախագահներին ընդունելն արարողակարգային բնույթ էր կրում, որևէ ետին միտք չկա, միևնույն է, համոզիչ չի հնչում:
Համոզիչ չի հնչում թեկուզ և այն պատճառով, որ նույն Արմեն Սարգսյանը խոսում էր սահմանադրությամբ նախագահի լիազորությունների ավելացման մասին: Եվ հետո մեկ փաստ էլ. պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի խոսք չի ասվում նաև այն մասին, որ այդ հանդիպման համար նա լիազորություն է ստացել ՀՀ վարչապետից կամ առնվազն, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է: Զավեշտալի էր նաև կադրերում տեսնել դռան մուտքի մոտ թաքնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը չգիտես՝ ինչու և ինչ լիազորությամբ է մասնակցում այդ անհասկանալի հանդիպմանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում