16/06/2018 23:18
Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը և ընկճված չէ. Էդուարդ Շարմազանովը տեսակցել է պատգամավորին
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որն այսօր ԱԱԾ կողմից ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու կասկածանքով, չի ընդունում մեղադրանքը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը», - ասաց Է.Շարմազանովը։
Aysor.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այցելել են ԱԱԾ։
«ՀՀԿ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է, որ սա անհիմն մեղադրանք է, և սա ոչ միայն 1937 թվականի Բերիայի, Սովետական Միության մեղադրանքներն է հիշեցնում, այլ ավելի ճորտատիրական կարգերի, որովհետև ԱԺ պատգամավորին իրավունք ունեն ձերբակալեն կամ հանցագործության պահին կամ անմիջապես դրանից հետո», - նշեց նա։
Է.Շարմազանովն ընդգծեց, որ այն, ինչ կատարվում է՝ շինծու է ու անթույլատրելի։
«Գեներալ Գրիգորյանին թուրքերը չեն կարողացել ընկճել։ Ինքը նման փոքր բաներից չի ընկճվում, շատ համարձակ է, պարզապես անթույլատրելի է, ադրբեջանցիներին ենք ուրախացնում», - Aysor.am-ին փոխանցեց Է.Շարմազանովը։
Նշենք, որ ադրբեջանական մամուլն արդեն գրել է, որ Հայաստանում ձերբակալվել է «ադրբեջանական հողերի գլխավոր զավթողը»։