17/06/2018 18:53
Մենք անակնկալի ենք եկել վարչապետի հայտարարությունից, յուրացման մասին կասկածներ քրեական գործում չկան. Մանվել Գրիգորյանի փաստաբան
ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործում, որի շրջանակում ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, բանակին և Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին որևէ հանգամանք ու կասկածանք չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորի փաստաբան Հրանտ Անանյանը։
«Այս պահի դրությամբ ինձ համար, մեզ համար անակնկալ է նման հայտարարությունը։ Հարուցված քրեական գործը վերաբերում է ապօրինի զենք-զինամթերք պահելուն։ Ոչ մի տառ չկա այդ մասին», - ասաց փաստաբանը՝ չբացառելով, որ մինչև կալանավորման միջնորդության ներկայացնելը մեղադրանքը լրացվի։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր փաստաբանը բողոքարկել է Մանվել Գրիգորյանի ձերբակալության որոշումը։ Եվ այժմ, ինչպես Անանյանը փոխանցեց, դատարանն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Այսօր Facebook-ի ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու հետ, այլ կապված է նաև այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար հավաքված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ։