17/06/2018 20:38
Մանվել Գրիգորյանը կմնա ձերբակալված. Դատարանը մերժել է փաստաբանի բողոքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ կայացրած որոշմամբ մերժել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանի բողոքը՝ քննչական մարմնի ձերբակալման որոշման դեմ, այդ մասին դատարանից դուրս գալուց հետո հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը:
Փաստաբանը որոշման վերաբերյալ ոչինչ չասաց՝ նշելով, որ իրենք դեռ չեն ծանոթացել դրան:
«Դատարանում հրապարակվեց միայն եզրափակիչ մասը: Կծանոթանանք, դիրքորոշում կհայտնենք», - հավելեց փաստաբանը:
Նշենք, որ ձերբակալման որոշման դեմ ներկայացված բողոքի քննությանը Մանվել Գրիգորյանը ներկա չի եղել: Նա այժմ ԱԱԾ ձերբակալվածների պահման վայրում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը նաև կասկածվում է բանակին, Արցախին ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
«Կասկածներ կան, որ նա օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է և դրանով կերակրել է իր կենդանիներին՝ իր արջերին, իր վագրերին և այդպես շարունակ: Հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները: Այս կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանը կատարված խուզարկությունների արդյունքներով», - հայտարարել էր Փաշինյանը: