18/06/2018 17:09
Արցախի իշխանությունները անվերապահորեն սատարում են Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանն ուղղված Փաշինյանի քաղաքականությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակում ասված է.
«Հարգարժա՛ն Նիկոլ Վովայի,
Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ս.թ. հունիսի 16-ից 17-ը Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար:
Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ և Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության հետ, շատ կարևոր էին և բովանդակալից:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած դիրքորոշման համար, որ Դուք ողջունում ու կարևորում եք իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Արցախի Նախագահի պատրաստակամությունը և այդ հարցում անվերապահ աջակցում եք Արցախի գործընկերներին ու երկրի ղեկավարին, և որ ՀՀ կառավարությունը անվերապահորեն աջակցում է մեր բռնած քաղաքական կուրսին:
Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները և անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային քաղաքականությանը:
Համոզված եմ, որ այսուհետ ևս էլ ավելի կընդլայնվի հայկական երկու հանրապետությունների սերտ փոխգործակցությունը՝ ի փառս մեր հայրենիքի և ժողովրդի:
Մեկ անգամ ևս ընդունեք իմ երախտագիտությունը և ջերմ բարեմաղթանքները»: