18/06/2018 18:58
Մանվել Գրիգորյանը վստահ է՝ իր անունը կվերականգնի. պատգամավորը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու
Aysor.am-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանը նամակ է ուղղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։
«Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից և հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության արձագանքից։
Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաև հակափաստարկները։ Իսկ դա հնարավոր է անել միայն խորը, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության ընթացքում։
Նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային, թե խնդրո առարկա գույքն ինչու և ինչ ձևով է հայտնվել Երկրապահ կամավորական միությանը սպասարկող պահեստներում, թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար։ Չմոռանանք, որ Երկրապահ կամավորական միությունը կար, մնում է և շարունակելու է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգությանը աջակցող հենասյուներից մեկը։
Քանի որ չունեմ որևէ ցանկությունը խորչընդոտելու նախաքննությանը, կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության։ Վստահ եմ, որ իմ անունը ես կվերկանգնեմ», - գրված է Մանվել Գրիգորյանի նամակում։