18/06/2018 13:01
Այն, ինչ ներկայացվեց հեռուստատեսությամբ, բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի երևույթ է. Արա Բաբլոյանը՝ Մանվել Գրիգորյանի գործի մասին
Հայաստանի օրենսդրությունն ունի բոլոր գործիքները պատգամավոր Մանվել Գրիգորյանի արարքին համարժեք գնահատական տալու համար, ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանից Aysor.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Արա Բաբլոյանը Մանվել Գրիգորյանի գործի և խուզարկությամբ նրա տարածքներում հայտնաբերվածի վերաբերյալ:
Ա.Բաբայանը Aysor.am-ին փոխանցել է Արա Բաբլոյանի պատասխանը.
«Այն, ինչ ներկայացվեց հեռուստատեսությամբ, բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի երևույթ է:
Վստահ եմ, որ դատաիրավական մարմինները կլինեն հետևողական, որպեսզի բացահայտվեն մեղավորները և ենթարկվեն համարժեք պատասխանատվության։
Ամենավատ իրողությունն այն է, որ երեխաները, որոնք նամակներ էին գրել և վստահ էին, որ իրենց աջակցությունը հասել է զինվորին, հուսահատվեցին։
Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքներն այս արարքին համարժեք գնահատական տալու համար»։
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը նաև կասկածվում է բանակին, Արցախին ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: