19/06/2018 18:10
«Դաշնակները ձեռնպահ են քվերակել, դուխ ունե՞ս, դաշնակներին ասա». Միջադեպ՝ կուտակային համակարգին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ
Ազգային ժողովի արտահերթ նիստում Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ։
Նկատենք՝ նախագծով առաջարկվում է պարտադիր բաղադրիչը դարձնել համատարած. հուլիսի 1-ից համակարգին միացող քաղաքացիների համար աշխատավարձից կուտակային ֆոնդերին փոխանցվող գումարը 5-ից իջեցնել 2,5 տոկոսի։ Մնացած 2,5 տոկոսի վճարման պարտավորությունը ևս թողնվել է պետության վրա։ Այլ կերպ ասած, նախկին 5 տոկոսի փոխարեն պետական բյուջեն կվճարի 7,5 տոկոս։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը փորձում է ներկայացնել, թե հիմնական հավաքագրումները արված են և մնացածը փոքր հատված են կազմում: Թույլ տվեք չհամաձայնել, որովհետև ոչ պետական սեկտորի աշխատողները մի քանի անգամ ավելի շատ են: Ակնհայտ է, որ կառավարությունը փորձում է իր որոշումը ոչ հիմնավոր պատճառաբանությամբ հիմնավորել», - ասաց Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Ինչ վերաբերում է 5 տոկոսից 2, 5 տոկոսի իջեցնելուն, Հարությունյանն ասաց, որ եթե ասեին՝ դա հետո փոփոխման ենթակա չէր, մեկնաբանությունն ավելի համոզիչ կլիներ. «Համակարգի նկատմամբ սա առաջացնում է անվստահության էլեմենտներ»։
Օրինագծի վերաբերյալ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ժամանակին իրենք դեմ են եղել պարտադիր կուտակային համակարգին.
«Հիմա մենք նաև հասկանում ենք այն իրավիճակը, որում հայտնվել ենք: Եկել է նոր իշխանություն, նոր կառավարություն, որը պետք է այս իրավիճակում լուծումներ գտնի, և դուք հանգել եք այս լուծման: Եթե մենք որևէ բան չենք անում, այս օրենքը ուժի մեջ է մտնում: Եթե կառավարությունը նախագիծ բերեր, որ այս օրենքը հետաձգեր, ես չգիտեմ, ՀՀԿ-ն կհետաձգե՞ր, թե՞ կմնար նույնը»:
Համակարգին երբեմնի ընդդիմացող Մարուքյանն ասաց, որ այժմ պաշտպանում են այս կառավարությանը և պիտի աջակցեն, որ բարեփոխումները իրականացվեն:
Նրա խոսքով՝ առաջարկներ կան, որ համակարգը լինի ոչ թե պարտադիր, այլ՝ կամավոր, դրա համար պետք է այնպես անեն, որ դա գրավիչ լինի քաղաքացու համար, նա վստահի պետությանը և նա կամավոր մասնակցի դրան.
«Ես խոսել եմ վարչապետի հետ, խոսել եմ Արծվիկ Մինասյանի, Արտակ Զեյնալյանի հետ: Մենք պատրաստ ենք քննարկումներին մասնակցել և լուծումներ գտնել: Այն մարդիկ, ովքեր դեմ են համակարգին, շարունակում են մնալ դեմ, և մենք իրավունք չունենք չլսել քաղաքացուն»:
«Ելք»-ը, նրա խոսքով, կողմ կքվեարկի նախագծին, բայց՝ պայմանով, որ հետո քննարկեն. «Ես ասել եմ պարոն Փաշինյանին, որ սա սկզբունքային հարց է մեզ համար, մենք չենք կարող չլսել մեր քաղաքացիներին, բայց մենք նույնպես կողմ ենք քվեարկելու»:
Նրա այս քայլը անարձագանք չմնաց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի կողմից. «Հանձնաժողովում քվեարկում եք ձեռնպահ, հիմա քվեարկում եք կողմ ռեֆորմի համար։ Էդ մարդիկ, ովքեր օրը մեջ կարծիք են փոխում, ռեֆորմ չեն կարող անել: Հայաստանում ես, ինչքան հիշում եմ, բոլորը կարող են հստակ ֆիքսել մի բան՝ այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի վստահության քվեն, էդ դեպքում ինչի՞ եք օրենք բերել պարտադիրը շարունակելու, օրենք բերեիք, թող լիներ կամավոր, կամավոր թող գնար»:
Պատգամավորը նաև ասաց, որ Հանրապետական խմբակցությունը կողմ է պարտադիր կուտակային համակարգին։
Նրա դիտարկմամբ՝ Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքի նախագիծն անհրաժեշտություն է վաղվա խնդիրը լուծելու համար, հակառակ դեպքում կենսաթոշակը միշտ կմնա շահարկման առարկա յուրաքանչյուր վարչապետի, քաղաքական ուժի համար:
Մարուքյանն իր հերթին արձագանքեց Հանրապետական պատգամավորին և նրանց միջև փոքր բանավեճ առաջացավ: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հորդորեց հանդարտվել: Մարուքյանը սկսեց, ձեռքերը թափահարելով, հեռվից վիճել Հակոբյանի հետ, թե՝ «Ստից իմ անունը ինչի՞ ես տալիս, Դաշնակները ձեռնպահ են քվերակել, դուխ ունե՞ս, դաշնակներին ասա, ինձ խի՞ ես ասում»:
Արփինե Հովհաննիսյանի՝ մի քանի անգամ միջամտությունից հետո վեճը դադարեց, և հարցի հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց, որ իրենք լավագույն միջազգային փորձն են վերցրել: Ինչ վերաբերում է 2, 5 տոկոսին, նախարարն ասաց, թե ժամանակավոր լուծում են առաջարկում։