19/06/2018 11:49
«Մինորա» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվել է բացօթյա համերգ
Ծաղկաձոր քաղաքի հրապարակում «Մինորա» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է բացօթյա համերգ: Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված համերգին ներկայացվել են ինքնատիպ պարային ու երաժշտական համարներ, հանդես են եկել խմբեր Երևանից ու տարբեր մարզերից:
««Մինորա» մշակութային կենտրոնն արդեն երրորդ տարին Ծաղկաձորում կազմակերպում է նման համերգային ծրագիր: Մեր նպատակն է պրոֆեսիոնալ պարն ու երգը ներկայացնել նաև հանրապետության մարզերում, որպեսզի մարզային բնակչությունը ևս անմասն չմնա մշակութային կյանքից»,-նշել է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան):
Նրա խոսքով՝ մարզաբնակ հանդիսատեսը միշտ ոգևորությամբ է ընդունում նմանատիպ միջոցառումները: Միջոցառման մասնակիցներն արժանացել են գավաթների ու պատվոգրերի:
Մշակութային կենտրոնը նախատեսել է նաև մի շարք համերգներ հանրապետության մարզերում: Առաջիկայում համերգներ տեղի կունենան նաև Սևանում և Դիլիջանում:
«Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով: