19/06/2018 19:07
Հնարավոր է՝ Երևանը Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերի մինչև 2024-ը
Մոսկվան ցանկանում է Երևանին Սու-30ՍՄ կործանիչներ մատակարարել 2024-ից շուտ, այս մասին գրում է «Коммерсант»-ը:
Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, Հայաստանում իշխանության փոփոխությունից քիչ առաջ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հետաձգել է ՌԴ-ից բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչների գնումը մինչև 2024-ը:
Պայմանագիրը նախատեսում էր Հայաստանի օդուժին մատակարարել ոչ պակաս քան մեկ էսկադրիլիա Սու-30ՍՄ: Այն ստորագրվել է դեռևս 2012թ.-ին, սակայն այդպես էլ չի իրականացվել պատվիրատուի (Հայաստանի-հեղ.) մոտ ֆինասնական խնդիրների պատճառով:
«Коммерсант»-ի տվյալներով՝ Ռուսաստանը հույս ունի իրականացնել համաձայնագիրն արդեն ՀՀ նոր իշխանությունների հետ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նստել է կործանիչի օդաչուի խցիկում ու այն բնորոշել որպես «լավագույններից մեկն աշխարհում»:
ՀՀ վարչապետի կողմից հրապարակված հենց այդ լուսանկարից հետո էլ վերսկսվեցին Հայաստանի կողմից Սու-30ՍՄ-ի հնարավոր գնման մասին քննարկումները:
Նիկոլ Փաշինյանը նկարին կից չի հրապարակել որևէ այլ տեղեկություն, սակայն ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի տեղեկություններով, Երևանի կողմից որոշակի քանակի Սու-30ՍՄ-ների ձեռքբերման վերաբերյալ բանակցությունները «բավականին արդյունավետ փուլում են» և մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքումը հնարավոր է առաջիկա մեկ-երկու տարում: