19/06/2018 22:05
Մանվել Գրիգորյանը կալանավորվեց երկու ամսով
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը, և ԱԺ պատգամավոր, անձեռնմխելիությունից զրկված Մանվել Գրիգորյանը կալանավորվեց երկու ամսով։ Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Գուրգեն Գրիգորյանը։
Իր հերթին փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մ.Գրիգորյանը ներկա է եղել նիստին։
«Ոոշմանը վերաբերվել է հանգիստ, տղամարդավարի։ Նա չի ընդունում մեղադրանքը», - ասաց Ա.Մկրտչյանը։
Նրա խոսքով, Մ.Գրիգորյանն ունի հետագա կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ։
Այսօր ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ էր ներկայացրել Ազգային Ժողով՝ Գրիգորյանին անձենմխելիությունից զրկելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ներկայացված միջնորդություններին։
Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ Դատախազը որպես ազատազրկման հիմք նշել էր, որ Մանվել Գրիգորյանը, օգտագործելով իր կապերը, դիրքը, կարող է խոչընդոտել քննությանը։
Ավելին, նա տեղեկացրել էր, որ Գրիգորյանը նախաքննության փուլի սկզբում փորձել է այնպես անել, որ իր առանձնատանը հայտնաբերված զենք-զինամթերքի մասով պատասխանատվությունն իր վրա վերցնի Արմեն Հակոբյանը։ Սակայն իրավապահները բացահայտել են և կանխել։