20/06/2018 13:45
Նոր բացահայտումներ՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով. Ձերբակալվել է նրա կնոջ ազգականը
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի շրջանականերում այսօր ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի ազգականը։ Aysor.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածը Արմեն Հակոբյանն է։
Հատուկ Քննչական ծառայությունից պաշտոնապես հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հարնրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշկեսան) հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը:
Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի:
Քրեական գործի շրջանակներում հունիսի 19-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Մ. Գրիգորյանի բարեկամ Ա. Հ.-ն:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում են:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ երեկ Ազգային ժողովում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու մասին միջնորդությունները ներկայացնելիս տվել էր Արմեն Հակոբյանի անունը՝ որպես Գրիգորյանին հանցակից։