20/06/2018 09:40
«Ժողովուրդ». Կառավարությունն իր վրա 2 մլրդ դոլարի պարտավորություն վերցրեց. Բագրատյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երեկ քննարկվեց նաև ԱԺ-ում, այն էլ` կիսադատարկ դահլիճում. ներկա էր 15 պատգամավոր: Մինչ այդ տնտեսագետները շարունակում են քննադատել այս նախաձեռնությունը:
Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իր հաշվարկներով` կառավարությունը որոշել է ՀՀ բյուջեի մոտ 5-6 տոկոսը՝ տարեկան առնվազն 60 մլրդ դրամ, 45 տարով դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար: Խոսքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար վճարվող գումարների մասին է, որը գնում է ոչ թե բյուջե, այլ` կենսաթոշակային հիմնադրամներին:
Ըստ Բագրատյանի` եթե բյուջեից այդ նպատակով 25 մլրդ դրամ փող էինք տալիս, ապա առաջիկայում տալու ենք 60 մլրդ դրամ. «Դա 120 մլն դոլար է: Իսկ 120 մլն դոլարը ճիշտ այնքան է, ինչքան մենք 2 մլրդ դոլար պարտք վերցնեինք ու սպասարկեինք: Ստացվում է, որ կառավարությունը օրեր առաջ 2 մլրդ դոլար պարտք, իր վրա 2 մլրդ դոլարի պարտավորություն վերցրեց»»: