20/06/2018 11:40
Պարտադիր կուտակային համակարգի դեմ արտահայտված «Ծառուկյան»-ի և «Ելք»-ի պատգամավորներն այսօր կողմ քվեարկեցին նախագծին
«Կուտակային կենսաթոշակների համակարգի» մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 78 կողմ, 2 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ։
Սա, հիշեցնենք, այն նախագիծն է, որը երբ ներկայացնում էին նախկին իշխանությունները, այն ժամանակ ընդդիմադիր ԱԺ «Ելք», «Ծառուկյան» և Դաշնակցություն խմբակցությունները դեմ էին արտահայտվում։
Մինչդեռ այսօր, երբ նույն խմբակցությունները ներկայացնող քաղաքական ուժերի ներկայացուցիչները կառավարության կազմում են, նախագիծն արդեն ընդունելի է նրանց համար։
Մինչև քվեարկությունը վարման կարգով ելույթ ունենալով՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօր ներկայացված նախագիծը որոշակիորեն մեղմում է ֆինանսական բեռը։
«Քննարկելով մեր գործընկերների հետ՝ մենք կքվեարկենք կողմ՝ պայմանով, որ կառավարության հետ կշարունակենք քննարկումները պարտադիր կուտակային բաղադրիչը հանելու համար», - հայտարարեց Զոհրաբյանը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այսօր ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ հրատապ քայլ պետք է արվի, որից հետո քննարկումներըր շարունակվելու են։ «Պարտադիր կուտակայինի էջը փակված չէ, այդ իսկ պատճառով, քանի որ կա բարելավում, մենք կողմ ենք քվեարկելու», -հայտարարեց Մարությանը։
Դաշնակցության դիրքորշումը, իհարկե, որոշակիորեն տարբերվող էր. նրանց խմբակցության բոլոր անդամները ձեռնպահ էին։ «Մեր սկզբունքային դիրքորշումը հայտնել ենք՝ մենք այս նախագծին ձեռնպահ ենք քվեարկելու, որովհետև պարունակում է նախկինի հետ համեմատ բարելավում, բայց չի լուծում կարևորագույն հարցը՝ այն է պարտադիր բաղադրիչի վերացման հարցը։ Այն առաջացնում է լուրջ խնդիր, խաթարում է անձի սեփականության իրավունքը և ստիպում է այսօրվա սոցիալական հարցերը չլուծած, գումար թողնել հետագայի համար», - իրենց դիրքորոշումը ներկայացրեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Սա Հանրապետական կուսակցության ղեկավարած նախկին կառավարության նախաձեռնությունն էր և այդ պատճառով էլ ՀՀԿ խմբակցությունը կողմ քվեարկեց առաջարկվող փոփոխություններին։
Նկատնեք՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը, որը պատգամավորները համարում են բարելավում, այն էր, որ հուլիսի 1-ից պարտադիր կուտակային համակարգին միացող քաղաքացիների համար աշխատավարձից կուտակային ֆոնդերին փոխանցվող գումարը 5-ից իջեցվում է և հասնում 2,5 տոկոսի։ Մնացած 2,5 տոկոսի վճարման պարտավորությունը ևս թողնվել է պետության վրա։ Այսինքն՝ նախկին 5 տոկոսի փոխարեն պետական բյուջեն կվճարի 7,5 տոկոս։ Իսկ պարտադիր բաղադրիչը դառնում է համատարած։