21/06/2018 19:29
Ռուսական թատոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը կստանձնի նաև գեղարվեստական ղեկավարի պարտականությունները
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն արդեն 8 ամիս է՝ աշխատում է առանց գեղարվեստական ղեկավարի: Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո այդ պաշտոնում այդպես էլ ոչ ոք չնշանակվեց:
Թափուր մնացած պաշտոնի համար բոլորովին վերջերս սկսեցին պայքարել ռեժիսոր Նորա Գրիգորյանն ու դերասան Ռոբերտ Հակոբյանը: Երկուսի թեկնածությունն էլ անձնակազմի կողմից, կարծես թե, ոչ միանշանակ է ընդունվում:
Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցն այսօր թատրոն է այցելել, հանդիպել ռուսական թատրոնի ստեղծագործական և դերասանական կազմերի հետ ու փորձել տեղում հասկանալ իրավիճակը:
Հանդիպումից հետո Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, ասվում է.
«Ս/թ հունիսի 21-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց ռուսական թատրոնի ստեղծագործական և դերասանական կազմերի հետ: Քննարկումների ու ելույթների արդյունքում որոշում կայացվեց` թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին` մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը: Իսկ այդ ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը: Այնուհետև կանցկացվի ծրագրերի քննարկումներ և գեղարվեստական ղեկավարի ընտրություն»: