21/06/2018 12:23
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մրցակցության մեջ չեն. Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վարելի Օսիպյանը հերքում է, թե մրցակցոթյան մեջ են մտել Ազգային անվտանգության ծառայության հետ:
«Չկա նման իրավիճակ, իսկ լրագրողների հետ պասիվ շփումը պայմանավորված է նրանով, որ որոշ օգտատերեր ինձ քննադատում են, թե ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ասուլիսներին, քան թե աշխատանքին», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Վ.Օսիպյանը:
Նա ընդգծեց՝ միգուցե ճիշտ են. ինքն ավելի շատ կաշխատի, քան թե ասուլիսներ կտա:
ՀՀ ոստիկանապետն ընդգծեց, որ ոստիկանության գործառույթները շատ են:
«Սկսած մանր դեպքերից՝ վերջացրած ծանր հանցագործություններով և այլն», - նշեց նա:
Հարցին, թե երեկվա լայնամասշտաբ գործողություններն ինչով էին պայմանավորված՝ Վալերի Օսիպյանը պատասխանեց՝ օպերատիվ տեղեկություններով:
Անդրադառնալով քրեական հեղինակություններին՝ ՀՀ ոստիկանապետն ասաց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են:
«Օրենքը մեր հանրապետությունում գերակա է, պետք է բոլորը հարգեն դա», - ասաց Վ.Օսիպյանը:
ՀՀ ոստիկանապետն ընդգծեց, թե ոստիկանության ու, ընդհանրապես, ներկայիս իրավապահների գործառույթները չեն բխում ինքնահաստատվելով, ինչ-որ անձանց ով լինելով: