22/06/2018 13:31
Գերադասում եմ նախ հասկանալ այդ ծանրությունը, հետո նոր մտնել դրա տակ. Վահագն Թևոսյանը՝ Հանրայինի լրատվական ծառայության տնօրենի պաշտոնի մասին
Համացանցում տարածված խոսակցությունները, որ լրագրող Վահագն Թևոսյանն առաջարկ է ստացել զբաղեցնել Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը, Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց հենց Վահագն Թևոսյանը՝ մեկտեղ նկատելով, որ առաջարկը դեռևս քննարկման փուլում է:
«Առաջարկը ստացել եմ Հանրային հեռուստաընկերության տնօրինության կողմից: Ճիշտ է՝ իմ նախնական համաձայնությունը տվել եմ, սակայն դեռևս քննարկման փուլում ենք, բոլոր հարցերը ճշտելուց հետո կարող ենք սկսել աշխատել: Դա ինձ համար բավական պատասխանատու աշխատանք է, ավելի շատ բեռ է, քան ուրախանալու առիթ: Գերադասում եմ նախ հասկանալ այդ ծանրությունը, հետո նոր մտնել դրա տակ: Չեմ բացառում, որ այլ մարդիկ էլ այս պաշտոնի համար առաջարկ են ստացել, ու իրենք էլ քննարկում են ինձ պես», - մանրամասնեց լրագրողը:
Ի դեպ, նախկինում այս պաշտոնը վստահված էր Հարություն Հարությունյանին, ով օրեր առաջ սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից:
Եթե քննարկման ժամանակ բաց տեղեր չմնան, Վ. Թևոսյանն իր նոր պարտականություններին կանցնի, հավանաբար, հուլիսի 1-ից: Հարցին, թե մարտավարական ի՞նչ փոփոխություն կկատարի որպես Հանրայինի լրատվական ծառայության տնօրեն, պատասխանեց.
«Այդ մասին խոսելը դեռևս շուտ է, չէ՞ որ վերջնական որոշում չկա: Միայն կասեմ, որ եթե գնամ, ստանձնեմ այդ պարտականությունը, բնականաբար, փոփոխություններ կլինեն, կենդանի, աշխատող օրգանիզմ է: Բայց այդ փոփոխությունները չեն լինի ո՛չ կտրուկ, ո՛չ էլ բացասական»:
Վահագն Թևոսյանը ներկայումս զբաղված է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գրանցման աշխատանքներով: Մինչ հոգաբարձուների խորհրդի ձևավորումը, առաջիկա երկու ամսում պետք է լիներ հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, սակայն, ինչպես նկատում է, շաբաթն ուրբաթից շուտ եկավ:
«Հոգաբարձուների խորհրդի նախագահը Աննա Հակոբյանն է լինելու, իր հետ կխոսենք ու կհասկանանք՝ հնարավոր է համատեղեմ այդ երկու աշխատանքները, թե ոչ: Պարտավորություններ ունեմ ստանձնած, որոնք պետք է ավարտին հասցնեմ», - եզրափակեց մեր զրուցակիցը: