22/06/2018 16:28
Գործընկեր երկրները չպետք է նպաստեն տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին. Հանդիպել են ՀՀ և Բելառուսի ԱԳՆ ղեկավարները
Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի ԼՂ հարցով բանակցային գործընթացի արդյունավետության համար, ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ժամանակ Մինսկում:
Զ.Մնացականյանը կարևորել է, որ գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը։
Զրուցակիցներն անդրադարձան հայ-բելառուսական օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակին։
Ավելի վաղ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպման ժամանակ փոխանցել էր Երևանի «խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»:
Նաև ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ցավում է, որ Բելառուսը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է վաճառել Ադրբեջանին։