22/06/2018 18:51
Շվեյցարացի ականատեսների պատմական վկայությունները՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված Աբել Մանուկյանի գրքում (Տեսանյութ)
Այսօր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Մարդասիրության վկաները. Շվեյցարիայի մարդասիրական աջակցությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին. 1894-1923 թթ.» անգլերեն գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է Ֆրիբուրգի համալսարանի դոկտոր, Շվեյցարիայի կրոնների խորհրդի ընդհանուր քարտուղար Աբել Մանուկյանը: Գիրքը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Սերնդափոխություն է եղել, ու երիտասարդ սերունդն այս ամենի մասին շատ բան չգիտի: Այսկերպ ցանկացանք շվեյցարացի, գերմանացի ու ավստրիացի ժողովրդի հիշողությունը վերականգնել», - նշեց հեղինակը:
Գրքում ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ շվեյցարացի ականատեսների պատմական վկայություններ: Տեղ են գտել արխիվային բազմաթիվ փաստեր: Ա. Մանուկյանը վստահեցնում է՝ շվեյցարացիներն այդ ժամանակ ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական շահեր են հետապնդել, իբրև մարդասերներ՝ գնացել են պարզապես հայ ժողովրդին օգտակար լինելու:
«Ժնևցի մարդասեր և հայասեր, մեծահարուստ Լեոպոլդ Ֆավրը իր ընտանիքի ողջ ունեցվածքը տրամադրել է մեր որբանոցներին, այրիներին, զրկվածներին: 1897 թվականից մինչև իր մահը՝ 1917 թվականը, 11 անգամ Արևմտյան Հայաստան է գնացել, դրամական օգնություն բաժանել», - նշեց նա:
Aysor.am-ի նկատառմանը՝ բացի ֆինանսականից շվեյցարական մարդասիրական աջակցության ուրիշ ի՞նչ դրսևորումներ կմատնանշի, հեղինակն առանձնացրեց.
«Երկու դրսևորում է ունեցել. նախ, որբանոցի երեխաներին կրթություն են տվել, լեզուներ սովորեցրել: Նվազագույնը երեք լեզվի էին տիրապետում՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, հավելյալ՝ հայերենն ու այդ ժամանակվա թրքերենը: Արհեստներ էին սովորեցնում: Նրանց մեծ մասին 1915-ին Դեր Զորում կոտորեցին: Շվեյցարացիները սկզբում քաղաքական չեզոքության սկզբունքն էին որդեգրել, ինչի պատճառով չէին կարողանում առավել հախուռն մոտենալ հարցերին: Սակայն 1919 թվականից հետո Շվեյցարիայի նախագահները Ազգերի լիգայում հզոր ելույթներ են ունեցել՝ ի նպաստ հայության»:
Արխիվում օսմաներեն փաստաթղթեր ևս գտնվել են, սակայն, ինչպես Ա. Մանուկյանն ընդգծեց, նրանցում, բնականաբար, Ցեղասպանության փաստը հերքված է՝ հայերի պայքարը ներկայացվելով ապստամբություն:
Ի սկզբանե գիրքը լույս է տեսել գերմաներենով, այնուհետև թարգմանվել է անգլերեն, պատրաստ է նաև ֆրանսերեն տարբերակը: Aysor.am-ի հարցին՝ կունենա արդյոք գիրքը հայերեն թարգմանություն, պատասխանեց.
«Հուսով եմ՝ այո: Ես հույսս դրել եմ լավ թարգմանիչների վրա: Եթե ես անեմ, ապա արևմտահայերեն կթարգմանեմ»:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն իր խոսքում նկատեց՝ գրքի հեղինակը ճիշտ ու հետաքրքիր մոտեցում է ընտրել՝ զուտ Հայոց ցեղասպանության խնդրին չանդրադառնալով:
«Օտար լեզուներով հրատարակելիս նման սխալ մենք միշտ թույլ ենք տվել: Օտարները պետք է իմանան, թե այդ արհավիրքը քաղաքակրթական ի՞նչ մակարդակի վրա գտնվող ժողովրդրի հետ է տեղի ունեցել… Աբել Մանուկյանը Հայոց պատմությունը համառոտ բերում հասցնում է մինչև 19-րդ դարի վերջ՝ առավել հանգամանորեն անդրադառնալով Ցեղասպանության խնդիրներին»:
Մանրամասն՝ տեսանյութում: