22/06/2018 19:16
ՀՀ մշակույթի նախարարությունը կոչով է հանդես եկել. նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում
ՀՀ Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր մտահոգված են պատմամշակութային հուշարձանների ճակատագրով:
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգված հարգելի քաղաքացիներ, ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով:
Համալրումը կկատարվի փուլային տարբերակով և պարբերաբար: Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ և միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների և հյուրերի կողմից, բայց քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում:
Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝ խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցնել պետության պաշտպանության տակ»,-նշված է հայտարարության մեջ: