23/06/2018 01:22
Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը գնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով. Արսեն Խառատյան
Հայաստանում շատ չեն մարդիկ, որոնք տիրապետում են ԼՂ հարցով բանակցային ողջ գործընթացին, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը։
«Ես չեմ կարծում, և ցավում եմ դրա համար, որ Հայաստանում շատ չեն այն մարդիկ, որոնք տիրապետում են բանակցային ողջ գործընթացին», - նշել է նա։
Լրագրողի դիտարկմանը՝ օրինակ, Սերժ Սարգսյանը տիրապետում է, Ա.Խառատյանը պատասխանել է. «Մի շարք այլ անձինք էլ կան, որ տիրապետում են»։
Հաղորդավարը հիշեցրել է, որ նախկինում Ա.Խառատյանն ասել էր, թե կօգտագործեն Ս.Սարգսյանի ներուժը։
«Օրը կգա, գուցե և Սերժ Սարգսյանը կգնա հատուկ բանագնաց ղարաբաղյան հարցով։ Ո՞վ գիտի։ Ես ասում եմ, որ չեմ բացառում Հայաստանի շահերի դիրքից պետական ծառայության համար որևէ մեկի մասնակցությունը, եթե դրա շուրջ լինի հանրային կոնսենսուս և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդը հենց այդ տեղում շատ պետքական է։ Ոնց որ հիմա Տիգրան Սարգսյանը ԵԱՏՄ-ում ներկայացնում է Հայաստանը, ոնց որ Խաչատուրովը՝ ՀԱՊԿ-ում», - ասել է Ա.Խառատյանը։
«Տրամաբանությունը պետք է փոխվի և փոխվում է։ Մենք անցյալների և ներկաների մասին չենք խոսում, երբ հարցը վերաբերվում ՀՀ շահին։ Եվ այս տրամաբանությունը շատ կարևոր է ընկալելի դարձնել մեր հանրությանը։ Չկան, իմ ընկամամբ, նախկին դիվանագետներ։ Պետական ինստիտուցիոնալ փորձ ունեցող և այդ անձերի վերաբերյալ արտաքին ընկալումները հաշվի առնելով, պետք է կարողանաս այդ մարդկանց ապագայում պետական շահի տեսանկյունից հնարավորինս իր գործառույթային տիրույթ ստեղծես», - նշել է ՀՀ վարչապետի խորհրդականը։
Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ուղեկցի որևէ հանդիպման, Ա.Խառատյանը պատասխանեց. «Որևէ մեկս չգիտենք՝ ինչ կլինի մեկ ամիս հետո, մեկ կամ հինգ տարի հետո։ Իրավիճակներ կարող են փոխվել, որտեղ այդ մարդկանց և գիտելիքը, և իմացությունը, և փորձը անհրաժեշտ կլինի կիրառել։ Եվ այս դուռը պետք չէ փակել։ Երբեք։ Որովհետև կկորցնենք շատ ավելի մեծ բան»։
Ա.Խառատյանը նաև ասել է, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում Փաշինյան Ալիև այս պահին չի նախատեսվում։