23/06/2018 11:59
ԱՄՆ կողմից Ադրբեջանին ուղղաթիռների վաճառքի հարցով Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ Կոնգրես, Պետդեպ և Պենտագոն
Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից ամերիկյան ուղղաթիռների վաճառքի դեմ բողոքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում, Պետդեպում ու Պենտագոնում է, այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Երեկ առավոտյան կապվել էի Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի հետ: Ընկերոջս` Արամ Համփարյանին, ուղարկել էի ամերիկյան ուղղաթիռների վերաբերյալ նյութերը, որոնք հայտնվել են Բաքվում: Ընդհանրապես Արամի հետ շատ ենք խոսել ամերիկյան զենքի վաճառքի իրավական արգելքների մասին: Այո, արգելվում է ամերիկյան զենքի, ռազմական պարագաների, ինչպես նաև կրկնակի նշանակության, կամ պոտենցիալ ռազմական նշանակության վերածվող ցանկացած ապրանքատեսակի վաճառք հակամարտող կողմերին: Էլ չեմ ասում 907-րդ բանաձևը:
Կից ներկայացնում եմ նամակը` նաև իրավական բոլոր հիմնավորումներով:
Չնայած Հայաստանից դեռ արձագանք չկա, հայ դատի գրասենյակը արդեն մտավ թեմայի մեջ: Նույնիսկ, եթե սա իմ ու հայ դատի գրասենյակի կռիվն է` մենք կանենք: Ամերիկյան զենքը մեր զինվորներին երբեք չի սպառնացել ու չպետք է սպառնա»,- գրել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ օրերս Բաքվի երկնքում նկատվել էին ամերիկյան «Bell 412» ուղղաթիռներ, որոնք, ըստ աղբյուրների, ԱՄՆ-ն վաճառել է Ադրբեջանին: