25/06/2018 16:34
Ընտրակարգի վերաբերյալ շրջանառվում է երկու տարբերակ՝ 100 տոկոսանոց համամասնական և խառը. Արարատ Միրզոյան
Կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխության հանձնաժողովի առաջին նիստն է այսօր տեղի ունեցել, որի ընթացքում խոսել են նախընտրական քարոզչության և ընդհանուր բնույթի կարգավորումների մասին, այսօր հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Նրա ներկայացմամբ՝ «բավականին աշխույժ քննարկում է եղել»։ Նա վստահեցրեց, որ որևէ շփոթ չի առաջանա նույն նպատակով խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության հետ ու հավելեց.
«Մենք կոնտակտի մեջ ենք նաև խորհրդարանական ուժերի ֆորմատի ներկայացուցիչների հետ և որոշակի փուլից, երբ մեր կառավարական հանձնաժողովը կունենա ամրագրված հայեցակարգ, կհանդիպենք, փաստաթուղթը կքննարկենք խորհրդարանական ուժերի հետ ևս, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի ու նաև կունենանք հանրային քննարկումներ»։
Առաջին փոխվարչապետը նկատեց, որ իր տպավորությամբ՝ խորհրդարանական ձևաչափով աշխատանքային խումբն սպասելու է կառավարությանն առընթեր հանձնաժողովի ներկայացրած փաստաթղթին։
Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ հարցին՝ փոխվարչապետն ասաց, որ դրա վերաբերյալ այսօր հանձնաժողովի նիստում քննարկում չի եղել, բայց նշեց, որ քննարկումների շրջանակում ընտրակարգի վերաբերյալ երկու մոտեցում է շրջանառվում՝ 100 տոկոսանոց համամասնական և խառը համամասնական ընտրակարգ, երբ «մեկ համամասնական ցուցակ է, որտեղ քաղաքացիները կարող են վերադասավորումներ անել իրենց քվեով»։
«Սրանք երկուսն էլ առայժմ շրջանառվող վարկածներ են, որևէ որոշում հարցի շուրջ չկա», - ասաց Միրզոյանն՝ ընդգծելով, որ փաստաթղթի վերջնական տարբերակը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության։
Նշենք, որ արտահերթ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակմամբ զբաղվելու է միանգամից երկու հանձնաժողով՝ մեկը կառավարությունում, մյուսը՝ Ազգային ժողովում: Վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով, որի աշխատանքները համակարգում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ազգային ժողովում ձևավորվել է մեկ այլ աշխատանքային խումբ, որում ընդգրկվել է երեքական ներկայացուցիչ 4 խմբակցությունից: Ուշագրավ է, որ ՀՀԿ-ից հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու է Ընտրական գործող օրենսգրքի կնքահայր համարվող Դավիթ Հարությունյանը և նրա կուսակիցներ Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը: