25/06/2018 11:35
Հնարավոր է` Թուրքիան ավելի ուժեղացնի դժվար կանխատեսելի իր արտաքին քաղաքականությունը. Ռուբեն Սաֆրաստյան
Հունիսի 24-ին Թուրքիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիայի բնակչության մեծ մասը հավանություն է տալիս Էրդողանի քաղաքականությանը, Aysor.am-ի հետ զրույցում, ամփոփելով հարևան երկրում տեղի ունեցած ընտրություններն, ասաց թուրքագետ, ԳԱԱ Արևելագիտության ինտիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ակնահայտ էր, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստանալու էր ձայների 50 տոկոսից ավեին: Բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ ԱԶԿ-ն և ազգայնական շարժում կուսակցությունը, որոնք կազմել էին «Ժողովուրդ» դաշինքը, ստանալու էին ձայների 50 տոկոսը և ավելին` այդպես էլ եղավ», - ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ նրա, կանխատեսելի էր նաև հիմնական ընդդիմադիր կուսակցության` Ժողովրդահանրապետականի արձանագրած արդյունքը.
«Այս ուժը ևս հանդես էր գալիս դաշինքով և, ինչպես ցույց էին տալիս հարցումներն, այս դաշինքը ստացավ ձայների մոտ 34 տոկոսը», - ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խոսքով` բավականին հարցեր կային միայն քրդամետ` Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության դեպքում:
«Հստակ կանխատեսելի չէր` այս ուժը կմտնի՞ խորհրդարան, թե՞ չէ: Թուրքիայում անցումային շեմը 10 տոկոս է ու այս կուսակցությունը, փաստորեն, բավականին լավ արդյունք ցույց տվեց` մոտ 12 տոկոսով մտնելով խորհրդարան: Այս տոկոսային հարաբերակցությամբ կուսակցությունը մոտ 67 պատգամավորով ներկայացված կլինի Թուրքիայի խորհրդարանում», - ասաց Սաֆրաստյանը:
Ըստ նրա` հետընտրական շրջանում Էրդողանի հնարավորություններն՝ իր կամքը թելադրել Թուրքիայի և′ ներքին, և′ արտաքին քաղաքականության մեջ էլ ավելի կուժեղանան:
«Նախագահի լիազորությունները էլ ավելի են ընդլայնվում և Թուրքիան գնում է, ինչպես Էրդողանն է ասում, դեպի 2023թ. նախանշված ջրբաժանը` նոր Թուրքիա ստեղծելու: Այնպես որ քաղաքականության, մասնավորապես, արտաքին քաղաքականության մեջ, ես կտրուկ փոփոխությունների չեմ սպասում, նույնիսկ հնարավոր է, որ Թուրքիան ավելի ուժեղացնի իր` դժվար կանխատեսելի արտաքին քաղաքականությունը», - ասաց թուրքագետը:
Սաֆրաստյանի խոսքով` ուշագրավ է, որ Էրդողանին առաջինը` դեռ պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ, շնորհավորել է Հունգարիայի վարչապետը:
«Առաջինների մեջ շնորհավորել է, իհարկե, Ադրբեջանը, մի շարք երկրներ, որոնք ժամանակին մաս էին կազմում Օսմանյան կայսրության և այլն: Դեռևս, վերջին տվյալներով, խոշոր երկրների ղեկավարները չեն շնորհավորել Էրդողանին, սպասում են վերջանական արդյունքների հրապարակմանը:
Ամեն դեպքում պետք է ասել, որ արևմտյան մամուլի արձագանքները, կապված նախընտրական շրջանի հետ, բավականին բացասական էին: Նշվում էր, որ ընտրությունները Թուրքիայում տեղի են ունենում արտակարգ իրավիճակի, ժողովրդավարական ճգնաժամի պայմաններում», - ամփոփեց Ռուբեն Սարֆրաստյանը: