25/06/2018 14:01
Sony Music-ի արտիստ Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար
Երևանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի հրավերով Sony Music-ի արտիստ, ֆրանսիացի հանրահայտ կիթառահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար: Թիբո Կոուվինը (Ֆրանսիա) պարբերաբար հանդես է գալիս վարպետության դասերով աշխարհի մի քանի տասնյակ երկրներում. նա Հայաստանում էր առաջին անգամ:
«Ես առաջին անգամ եմ ձեր երկրում, ինձ այն շատ դուր է եկել: Այստեղ հիանալի մթնոլորտ է: Ինչ վերաբերում է վարպետության դասին, պետք է ասեմ, որ իսկապես մեծ հաճույք էր տեսնել նման տաղանդավոր երաժիշտների: Շատ տպավորված եմ այստեղի արտիստներով, նրանց կատարողական տեխնիկայով: Շատ բարձր կարծիքի եմ այն բոլոր երաժիշտների մասին, ովքեր Հայաստանում մասնակցեցին իմ վարպետության դասին»,-նշում է Թիբո Կոուվինը:
Նա փաստում է՝ տեղյակ է, որ Հայաստանում ամեն տարի անցկացվում է Երևանյան միջազգային կիթառի փառատոնը: Աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում ելույթ ունեցած արտիստը շեշտում է՝ մեծ հաճույքով կվերադառնա մեր երկիր՝ փառատոնի շրջանակում հանդես գալու համեգով:
«Կիթառը շատ մեծ ժողովրդականություն վայելող գործիք է: Պետք է ասել, որ այն կիրառվում է երաժշտական բոլոր ժանրերում՝ ռոքից մինչև դասական»,-հավելում է Sony Music-ի արտիստն, ով Երևանից անմիջապես հետո մեկնելու է Փարիզ, Լոնդոն ու այլ քաղաքներ՝ համերգներով ու վարպետության դասերով հանդես գալու համար:
Նշենք, որ Թիբո Կոուվինի վարպետության դասն իրականություն էր դարձել Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի նախաձեռնությամբ: Սա Երևանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված առաջին վարպետության դասը չէր: Ասոցիացիան արդեն իսկ հայ կիթառահարների համար կազմակերպել է մի շարք վարպետության դասեր աշխարհում մեծ հեղինակություն վայելող կիթառի վարպետների մասնակցությամբ: