26/06/2018 19:42
Ֆրանսիան խոստացել է ԱՄՆ-ին պատասխան միջոցներ ձեռնարկել ավտոմեքենաների համար մաքսատուրքերի բարձրացման դեպքում
Եվրամիությունը պատասխան միջոցներ կձեռնարկի Միացյալ Նահանգների կողմից եվրոպական արտադրության ավտոմեքենաների համար մաքսատուրքերի բարձրացման դեպքում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը, հայտնում է «Интерфакс»-ը:
«Եթե ԱՄՆ-ն կրկին հարվածի մեզ՝ եվրոպական ավտոմեքենաների ներմուծման համար 20 տոկոսի մաքսատուրք սահմանելով, մենք կրկին կպատասխանենք», - ասել է նախարարը:
Այդ հայտարարությունը հետևել է ԵՄ-ի կողմից ներմուծվող ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելուց հետո ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացնելու մասին Դոնալդ Թրամփի սպառնալիքին: ԵՄ-ն այդ քայլին դիմել է ի պատասխան ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի համար սահմանված մաքսատուրքերի:
«Մենք չենք ցանկանում այդ հարցում լարվածության մեծացում, բայց մենք առաջինն ենք ենթարկվել հարձակման: Մենք կցանկանայինք, որ նախագահ Թրամփը մտափոխվեր: Եվ մեզ համար բոլորովին օրինական է օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ պարոն Թրամփին հասկացնելու համար, որ մենք չենք ընդունում նրա որոշումը»,- ասել է Լը Մերը: