26/06/2018 15:32
ՀՀ արտգործնախարարն անհեթեթ է որակել Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ռազմական հռետորաբանոսւթյունն ու սուր ճոճելը իռացիոնալ է, ցավալի, եթե ոչ անհեթեթ», - նշել է նա:
ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է, որ Ադրբեջանում ներքին սպառման ու բանակցությունների համար նախատեսված լեզուները համաձայնեցված չեն:
Նա նաև նշել է, որ բանակցությունների սեղանին ավելի պատասխանատու ու գիտակից կողմի կարիք կա:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ կազմավորման 100-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «հակառակորդը պետք է հասկանա` չկա որևէ ռազմական կամ ռազմավարական օբյեկտ, որն ադրբեջանական բանակը չկարողանա ոչնչացնել»:
Նրա խոսքով` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շուտափույթ վերականգնումը նաև Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում է»:
«Հայաստանը չի կարող և չի կարողանա մրցակցել մեզ հետ: Պատմական արդարությունը մեր կողմն է, մենք ունենք ռազմական ու տնտեսական ներուժ», - ասել է Իլհամ Ալիևը: