26/06/2018 15:00
Ադրբեջանի հանրությանը նախապատրաստում են պատերազմին ու միևնույն ժամանակ ստուգում են հայկական կողմի նյարդային համակարգի ամրությունը. քաղաքագետ
Ոչինչ պետք չէ բացառել ու պետք է պատրաստ լինել` հատկապես հաշվի առնելով սահմանային կուտակումներն ու Ադրբեջանի իշխանությունների արկածախնդրությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանն` անդրադառնալով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը:
«Շփման գծի ողջ երկայնքով լուրջ տեղաշարժեր ու կուտակումներ կան, և հայկական կողմն ուշադիր հետևում է դրանց: Սա, իհարկե, վտանգավոր է` հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների արկածախնդրությունը: Նաև լուրջ քանակությամբ զորք ու զինտեխնիկա է կենտրոնացած Հայաստանի հետ սահմանին` Նախիջևանի հատվածում», - ասաց Սուրեն Սարգսյանը:
Ըստ քաղաքագետի՝ այս ամենն ուղղված է ոչ միայն հայկական, այլև ներադրբեջանական լսարանին.
«Ընդհանուր առմամբ այս մեսիջները, Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություններն ավելի շատ ունեն ներքաղաքական սպառման նպատակ: Բաքվում այսօր ռազմական շքերթ է տեղի ունեցել, նոր տեխնիկա է ցուցադրվել, ուզում եմ ասել, որ Ադրբեջանի հանրությանը նախապատրաստում են պատերազմին ու միևնույն ժամանակ ստուգում են հայկական կողմի նյարդային համակարգի ամրությունը: Բացի այդ, Ադրբեջանը փորձում է իրավիճակն ապակայունացնել, քանի որ իրենք մշտապես ձգտում են ցույց տալ աշխարհին, որ այս կոնֆլիկտ ոչ թե սառեցված հակամարտություն է, այլև դեռևս թեժ է», - ասաց Սուրեն Սարգսյանն` ընդգծելով:
«Ադրբեջանն իր ժողովրդի մոտ պարտվածի հոգեբանությունը փորձում է փոխարինել հաղթողի կամ պոտենցիալ հաղթողի հոգեբանությամբ: Սա ակնհայտ է»: