27/06/2018 10:05
«Փաստ». Վերջին շրջանի բացահայտումների ու ոգևորության ֆոնին հիմա ով ում դեմ ասես գրում է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ոստիկանությունը դիմել էր հասարակությանը՝ կոչ անելով «անկաշկանդ ու պարտադիր» դիմել ոստիկանությանը՝ տեղեկացնելով նախապատրաստվող, կատարված կամ կատարվող հանցագործության մասին: Ըստ էության, նման կոչի անհրաժեշտությունն այնքան էլ մեծ չէ: «Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում աննախադեպ աճել է իրավապահ մարմիններին քաղաքացիների դիմում–բողոքների թիվը: Հատկապես ԱԱԾ–ում նման նամակների քանակը գրեթե հնգապատկվել է (մեկ այլ տեղեկությամբ՝ նույնիսկ տասնապատկվել է): Գրեթե նույն վիճակն է նաև ոստիկանությունում: Միայն այս նամակներին պատասխանելն ինքնին աշխատատար գործընթաց է:
Մեր աղբյուրները պնդում են, որ այդ բողոքները բազմազան են և հաճախ ուղղակի կապ չունեն այս կամ այն կառույցի հետ. ասենք, ԱԱԾ–ին նամակ են գրում այնպիսի հարցով, որը ոստիկանության գործառույթների մեջ է, ոստիկանությանը կամ դատախազությանը դիմում են բացառապես դատարաններին առնչվող հարցերով և այլն: Հետաքրքիր է, որ քիչ չեն խիստ անձնական կամ կենցաղային խնդիրներով նամակները, ասենք՝ ամուսինս ինձ ճնշում է, հասեք, օգնեք և այլն: Իհարկե, թե՛ այսպիսի և թե՛ այլ տարբեր նամակներ միշտ էլ եղել են, սակայն վերջին շրջանի բացահայտումների ու ոգևորության ֆոնին հիմա ով ում դեմ ասես գրում է»: