28/06/2018 13:55
Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ հանձնառությունների խախտումով լայնածավալ զորավարժությունների անցկացումը կրում է շարունակական բնույթ. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանը հերթական անգամ խախտել է ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ գլուխն ու զորավարժություններից 42 օր առաջ նախօրոք չի ծանուցել դրանց մասին, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն` անդրադառնալով հուլիսի 2-6-ն Ադրբեջանի ԶՈւ կողմից անցկացվելիք լայնամասշտաբ զորավարժություններին:
«Ադրբեջանը հայտարարել է հուլիսին լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին: Համաձայն ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ բաժնի Ադրբեջանը պարտավոր էր նախօրոք ծանուցել այդ զորավարժությունները առնվազն 42 օր առաջ, ինչը չի կատարվել: Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացումը, ի խախտումն ԵԱՀԿ հանձնառությունների, կրում է շարունակական բնույթ՝ բացասաբար ազդելով տարածաշրջանում ռազմական թափանցիկության և կանխատեսելիության վրա», - ասաց Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով` հայկական կողմը հետևողական բարձրացնում է ԵԱՀԿ հարթակում Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման ռեժիմի և ԵԱՀԿ վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների խախտման խնդիրն` ընդգծելով, որ նման անպատասխանատու քայլերը սպառնում են ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանը և խաղաղությանը:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ հուլիսի 2-6-ը Ադրբեջանի Զինված ուժերը 20 հազար զինծառայողների ներգրավմամբ զորավարժություն կանցկացնեն: Դրանցում կներգրավվի մինչև 120 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, ավելի քան 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու ականանետեր, ինչպես նաև օդուժից մինչև 30 միավոր: Կխարկվի լայնամասշտաբ հարձակվողական գործողություն, զորավարժությունների ընթացքում կկիրառվի նաև մարտական կրակ: