29/06/2018 12:25
ԱԺ կողմից Պետգույքի կոմիտեին փոխանցած «Չայկա» ավտոմեքենաները կապ չունեն Մանվել Գրիգորյանի հետ և չեն վաճառվել
Պետական գույքի կառավարման կոմիտեն հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի այսօր հրապարակած տեղեկությունը, որ այս տարի մարտին Ազգային ժողովի կողմից վարչությանը փոխանցած երեք «Չայկա» ավտոմեքենաները գնվել են Մանվել Գրիգորյանի կողմից:
«Մանվել Գրիգորյանի ավտոտնակում հայտնաբերված մեքենաները այս մեքենաների հետ կապ չունեն: Ազգային ժողովի փոխանցած մեքենաները դեռևս գնահատված չեն, հետևաբար դրանք չեն կարող աճուրդի հանվել և վաճառվել: Դրանք շարունակում են կանգնած մնալ Մերձավան տանող ճանապարհին գտնվող մեր պահառության վայրում», - Aysor.am-ի թղթակցին փոխանցեցին կոմիտեից:
Պետական գույքի կառավարման կոմիտեից նաև տեղեկացրին, որ եթե մեքենաները գնահատվեն 5 մլն և ավելի դրամ, ապա դրանց վաճառքի մասին որոշում կարող է ընդունել կառավարությունը:
«Կա մի նրբություն ևս, որը կարող է նաև այս մեքենաների նկատմամբ կիրառվել՝ կախված գնահատման արդյունքից: Նախկինում, երբ կոմիտեն վարչություն էր, կարգ գոյություն ուներ, որի համաձայն՝ 5 մլն և ավելի արժեքով մեքենաները վաճառվում են կառավարության որոշմամբ: Այս հարցը մտնում է նիստ, ինչպես դա եղավ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենայի պարագայում, հետո արդեն աճուրդից աճուրդ գինը 20 տոկոսով նվազում է: Ցածր գնի դեպքում դա արդեն կառույցի ղեկավարի հրամանով է արվում, աճուրդների մասին տեղեկություններն էլ տեղադրվում են կայքում», - հավելեցին կոմիտեից:
Պետգույքի կոմիտեից Aysor.am-ին նաև լուսանկարներ են տրամադրել պահառության վայրից, որտեղ և կայանած են «Չայկա» ավտոմեքենաները: